ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի բրոքերը փորձել է խոշոր ներդրումներ կատարել առաջատար պաշտպանական ընկերություններում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակմանը նախորդող շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։

Ըստ նրանց՝ Morgan Stanley-ում Հեգսեթի բրոքերը փետրվարին կապ է հաստատել BlackRock ընկերության հետ՝ Թեհրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկից քիչ առաջ «Defense Industrials Active ETF» բորսայական հիմնադրամում բազմամիլիոնանոց ներդրումներ կատարելու հարցով։

Աղբյուրները նշում են, որ նման նշանավոր պոտենցիալ հաճախորդի անունից ներկայացված հարցումը արձանագրվել է BlackRock-ի ներքին համակարգում։ BlackRock-ը, Morgan Stanley-ն և Պենտագոնը հրաժարվել են մեկնաբանություններից։

Ինչպես նշում է պարբերականը, գործարքն ի վերջո տեղի չի ունեցել, քանի որ հիմնադրամն անհասանելի է եղել Morgan Stanley-ի հաճախորդների համար։

Միևնույն ժամանակ, Պենտագոնը հերքել է Financial Times-ի հրապարակումն այն մասին, թե գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթի հետ կապված ներդրումային փորձ է արվել Իրանի դեմ գործողության մեկնարկից առաջ։ Պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը X սոցիալական ցանցում լրագրողների պնդումներն անվանել է կեղծ։

Ըստ նրա տվյալների՝ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Հեգսեթի անձնական բրոքերը դիմել է BlackRock ներդրումային ընկերությանը, չի համապատասխանում իրականությանը։

«Սա հերթական անհիմն և անամոթ զրպարտությունն է, որի նպատակն է մարդկանց մոլորության մեջ գցել», – գրել է Փարնելը՝ պարբերականից պահանջելով հանդես գալ հերքմամբ։