Ապրիլի 6-ին նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-րդ տարեդարձը: Այս տարեդարձից մի քանի օր առաջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների առանցքային ուղղությունները՝ սկսած դրանց պատմական հիմքերից մինչև ռազմավարական գործընկերության արդի փուլը և առևտրատնտեսական ու լոգիստիկ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

New Picture01.jpg (58 KB)

Հարցազրույցում անդրադարձ է կատարվում նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանըժ մեջ Հայաստանի մասնակցությանը, երկկողմ ապրանքաշրջանառության դինամիկային, ուղիղ ավիահաղորդակցության զարգացմանը և տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորություններին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զբոսաշրջության, հումանիտար և կրթական փոխանակումների զարգացմանը, ինչպես նաև չինական ներդրումների ներգրավման և երկկողմ կապերի խորացման համար անհրաժեշտ պայմաններին:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-չինական հարաբերությունների 34 տարիները. դա ավելի շատ պրագմատիկ համագործակցություն է, թե՞ քաղաքակրթական երկխոսություն: Եվ արդյո՞ք «Մետաքսի ճանապարհի» գաղափարը պահպանում է իր արդիականությունը:

Եթե այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակը, ապա ընդհանուր առմամբ հայ-չինական հարաբերությունները բազմահազարամյա պատմություն ունեն: Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր կայուն կերպով բարեկամական կապեր են զարգանում։

48d3b5a8-ac75-4a47-a42b-8ef7a45610ba.jfif (26 KB)

Երկկողմ համագործակցությունն ընդգրկում է առևտրատնտեսական, մշակութային, կրթական, գիտատեխնիկական, զբոսաշրջային և այլ ոլորտներ, իսկ անցյալ տարի Հայաստանի և Չինաստանի միջև կնքվեց ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր։ Չինաստանը՝ որպես ժամանակակից խոշոր աշխարհաքաղաքական խաղացող, այլ երկրների հետ հարաբերություններում, անշուշտ, առաջնորդվում է հավասարության, արդարության և երկխոսության վրա հիմնված պրագմատիկ քաղաքականությամբ։ Այնուամենայնիվ, լինելով աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, ինչպես և Հայաստանը, նա չի կարող հաշվի չառնել այս գործոնը և ակտիվորեն համագործակցում է Հայաստանի հետ նաև նմանատիպ միջազգային հարթակներում (օրինակ՝ Հնագույն քաղաքակրթությունների միջազգային ֆորումը)։

Զարմանալի չէ, որ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որը միացավ 2013 թվականին առաջարկված չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Այս նախաձեռնությունը պատմական «Մետաքսի ճանապարհի» առևտրատնտեսական համագործակցության ժամանակակից ձևն է։

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։

«Այսօրվա դրությամբ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միացել է աշխարհի ավելի քան 150 երկիր տարբեր մայրցամաքներից: Հայաստանի մասնակցությունը կարող է ընդլայնել երկրի առևտրատնտեսական ու արտահանման ներուժը նոր շուկաներում, ձևավորել հավասարակշռված տնտեսական գործընկերություն միջազգային բոլոր առանցքային խաղացողների, այդ թվում՝ Չինաստանի հետ, ինչպես նաև նպաստել օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Նախաձեռնության շրջանակներում արդեն իսկ իրականացվում և պլանավորվում են ցամաքային ու ծովային միջազգային և տարածաշրջանային երթուղիների, ճանապարհների ու ենթակառուցվածքների շինարարության և զարգացման նախագծեր, ինչից զգալիորեն շահում են մասնակից երկրները։

Ինչի՞ հաշվին է աճում երկկողմ ապրանքաշրջանառությունը, և ո՞ր ոլորտներն են այսօր առավել հեռանկարային համագործակցության համար։

Վերջին տարիներին երկկողմ ապրանքաշրջանառությունն անշեղորեն աճում է՝ հասնելով երկու երկրների հարաբերությունների 34-ամյա պատմության ընթացքում ռեկորդային ցուցանիշների։ 2025 թվականին այն կազմել է շուրջ 2,6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ ավանդաբար Հայաստանից հիմնականում արտահանվել են հանքաքար և գունավոր մետաղներ (մոտ 98%), իսկ Չինաստանից ներմուծվել են էլեկտրոնիկա, ավտոմեքենաներ, հագուստ և այլն։

Կարևոր է ընդգծել, որ վերջին տարում ներմուծումը ավելի քան երկու անգամ գերազանցել է արտահանմանը։ Մոտ ապագայում հանքաքարը դեռևս կկազմի արտահանման հիմնական մասը, սակայն որոշակի տեսակարար կշիռ արդեն զբաղեցնում են հայկական ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային խմիչքները և թանկարժեք քարերը։

615ff04d-0279-4bde-ada2-bc35c3450ab4.jfif (56 KB)

Կարծում եմ, որ պետական աջակցության ծրագրերի և բարենպաստ պայմանների առկայության դեպքում հնարավոր է զարգացնել սննդի արդյունաբերության, տեխնոլոգիական արտադրանքի, ինչպես նաև շինանյութերի և գյուղատնտեսական մթերքների արտահանումը։ Իհարկե, ներկայումս այս աճը մեծապես ապահովվել է բացառապես գործարար համայնքի գործունեության շնորհիվ։

Կարևոր է նաև դիտարկել զբոսաշրջության զարգացումը. վերջին տարիներին այն աճել է մի քանի անգամ։ 2025 թվականին Հայաստան է այցելել շուրջ 45,000 չինացի զբոսաշրջիկ։ Նպատակաուղղված աշխատանքի դեպքում այս ցուցանիշը կարող է բազմապատկվել։

Որքանո՞վ է հայկական շուկան գրավիչ չինացի ներդրողների համար:

Հաշվի առնելով չինացի գործարարների բնական հակվածությունը դեպի առևտուրն ու բիզնեսը՝ հայկական շուկան, ինչպես և աշխարհի մյուս երկրների շուկաները, նրանց համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: Ներկայումս չինական ընկերությունները Հայաստանում ներկայացված են էլեկտրոնիկայի, շինարարության, էլեկտրատեխնիկական սարքավորումների, ավտոմեքենաների և այլ ոլորտներում։ Հետաքրքրություն կա նաև մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի, ջրի արտադրության և գյուղատնտեսության նկատմամբ։

Այնուամենայնիվ, հայկական շուկան չինացի ներդրողների համար նոր է և շատ դեպքերում՝ դժվարըմբռնելի։ Զգուշավորություն են առաջացնում սահմանափակ լոգիստիկ ենթակառուցվածքները և տարանցիկ երթուղիները, ինչպես նաև հարկային օրենսդրության հաճախակի փոփոխություններն ու ներդրումների խթանման ծրագրերի բացակայությունը։

Ինչպե՞ս են ուղիղ ավիաչվերթներն ազդել երկկողմ հարաբերությունների վրա, և արդյո՞ք Հայաստանը կարող է տարածաշրջանայիմ լոգիստիկ կամուրջ դառնալ Չինաստանի համար։

Շուրջ 1,5 տարի առաջ ուղիղ ավիաչվերթներ բացվեցին Չինաստանի և Հայաստանի միջև, ինչը վաղուց սպասված իրադարձություն էր։ Երկար տարիներ Հայաստանն այս առումով հետ էր մնում հարևան երկրներից, որտեղ նման չվերթներն արդեն վաղուց էին գործում։

Երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների բացումը զգալիորեն նպաստեց առևտրատնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների զարգացմանը։

Սակայն ներկայումս Երևանից դեպի Չինաստան չվերթներն իրականացվում են միայն մեկ ուղղությամբ, մինչդեռ հարևան երկրներում դրանք գործում են մի քանի ուղղություններով և ավելի մեծ հաճախականությամբ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է տարածաշրջանում լոգիստիկ կամուրջ դառնալ, ապա դա կախված է առաջարկվող ծառայությունների որակից ու արժեքից, դրանց կայունությունից, ենթակառուցվածքների առկայությունից, թողունակությունից, տրանսպորտային ոլորտի առանցքային մասնակիցներից և, իհարկե, ՀՀ կառավարության նպատակային ծրագրերից։ Այս հարցերի բարենպաստ լուծման դեպքում Հայաստանը կարող է նախընտրելի լոգիստիկ կամուրջ դառնալ ոչ միայն Չինաստանի, այլև այլ երկրների համար։

Ի՞նչ է անհրաժեշտ զբոսաշրջության աճի համար, և որքանո՞վ է այն նպաստում ժողովուրդների միջև փոխըմբռնմանը:

Մշակույթը, զբոսաշրջությունը և առևտուրը կարևորագույն բաղադրիչներ են, որոնք նպաստում են ժողովուրդների միջև փոխըմբռնմանը, շփումներին, բարեկամությանը և տնտեսական զարգացմանը: Այդպես է եղել հազարամյակներ շարունակ և այդպես է մնում նաև այսօր:

Փոխադարձ հետաքրքրությունն անխուսափելիորեն հանգեցնում է զբոսաշրջության զարգացմանը և ուղևորությունների թվի աճին: Սակայն տեղեկատվությամբ գերհագեցած ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է այդ տեղեկատվությունը հասցնել վերջնական սպառողին և թիրախային խմբերին:

Այս առումով դեռևս մեծածավալ աշխատանք ունեն անելու տուրօպերատորները և, առաջին հերթին, պատասխանատու պետական մարմինները: Չինաստանից զբոսաշրջային այցերը հիմնականում կազմակերպվում են տարածաշրջանի երեք երկրներն ընդգրկող համակցված տուրերի ձևաչափով, և զբոսաշրջիկների միայն փոքր մասն է այցելում անհատական կարգով:

Չինաստանից զբոսաշրջային հոսքերի ավելացման համար անհրաժեշտ են պետական աջակցության կոնկրետ ծրագրեր, ստանդարտներ, ենթակառուցվածքներ և կարգավորող այլ միջոցներ, որոնք սովորաբար կիրառվում են չինացի զբոսաշրջիկների թվի աճով շահագրգռված երկրներում:

Ինչպե՞ս եք գնահատում հումանիտար կապերի և մշակութային փոխանակումների ներկա մակարդակը:

Չինաստանն ու Հայաստանն արդեն իսկ հարուստ համագործակցություն ունեն հումանիտար և մշակութային ոլորտներում։

Հայկական հայտնի երաժշտական և թատերական խմբերը պարբերաբար մասնակցում են Չինաստանում անցկացվող փառատոններին ու մրցույթներին։ Նախորդ տարիներին հայ նկարիչների ցուցահանդեսներ են կազմակերպվել չինական Ցինդաո, Գուանչժոու, Ուհան, Շանհայ, Բինչժոու և Պեկին քաղաքներում։ Հայ արվեստագետները կանոնավոր կերպով մասնակցում են Չինաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին։

2024 թվականին Չինական մեծ պարսպի զբոսաշրջային հատվածում մեկնարկեց Հայկական մշակույթի շաբաթը, որի շրջանակներում այցելուներին ներկայացվեցին հայկական արվեստն և գինու համտես։

Շանհայում գործում է Հայկական արվեստի կենտրոն, որտեղ մշտական հիմունքներով ցուցադրվում են հայ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները, և այն մեծ հետաքրքրություն է առաջացնում չինացի հասարակության շրջանում։

Վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են միջմշակութային փոխանակումները, հատկապես թանգարանային ցուցահանդեսների ոլորտում։ Հայկական թանգարանները ցուցադրություններ են կազմակերպել Չինաստանի խոշորագույն թանգարաններում (Ֆուցզյան, Նինբո, Ցինդաո, Սիան, Գուանչժոու և այլն), իսկ չինական թանգարանները՝ Հայաստանում (Հայաստանի պատմության թանգարան, Մ. Սարյանի տուն-թանգարան, Երևանի պատմության թանգարան, Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, Հայաստանի երկրաբանական թանգարան և այլն)։ Ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 30 ցուցահանդես։

0b52ce18-5f24-499a-b0df-f66b31ca111a.jfif (40 KB)

Այս տարի մշակութային համագործակցությունը կշարունակվի. նոր ցուցահանդեսներ են նախատեսվում ինչպես Չինաստանում, այնպես էլ Հայաստանում:

Այս ամենը նպաստում է Չինաստանի հանրության շրջանում Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճին, մեծացնում հայկական մշակույթին ու պատմությանը ծանոթանալու ցանկությունը, ինչն էլ իր հերթին բերում է զբոսաշրջության աճի և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման: Այսպիսով, մշակութային երկխոսությունը կարող է դառնալ տնտեսական հարաբերությունների զարգացման լավագույն գործիքներից մեկը։

Աճո՞ւմ է արդյոք լեզուների, կրթության և երիտասարդական փոխանակումների նկատմամբ հետաքրքրությունը։

Վերջին տասնամյակներում Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրության կայուն աճ է նկատվում։ Այդ մասին վկայում են Երևանում գործող հայ-չինական բարեկամության դպրոցը, Կոնֆուցիոսի ինստիտուտը, ինչպես նաև չինարենի դասվանդմամբ զբաղվող մի շարք դպրոցներ և բուհերում գործող լեզվական կենտրոնները։

64c7eac4-a2d2-47ee-bfe5-9cb3917163b2.jfif (51 KB)

Կրթության նախարարությունն միջպետական կրթական ծրագիր է իրականացնում, որի շրջանակում ամեն տարի բազմաթիվ երիտասարդներ են մեկնում Չինաստան՝ տեղի բուհերում ուսանելու նպատակով։ Բացի այդ, շատերը չինական համալսարաններ են ընդունվում սեփական նախաձեռնությամբ։ Այնտեղ նրանք ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլև ծանոթանում են չինական մշակույթին ու ավանդույթներին, ինչը դրականորեն է անդրադառնում երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա։

Չինաստանում նույնպես աճում է հայոց պատմության ու լեզվի նկատմամբ հետաքրքրությունը, և չինացի ուսանողները հաճույքով գալիս են Հայաստան՝ ուսանելու։

Վերջին տարիներին Չինաստանի կառավարությունն ակտիվորեն հրավիրում է Հայաստանի երիտասարդներին մասնակցելու կարճաժամկետ կրթական և մասնագիտական սեմինարների, ինչը նույնպես նպաստում է միջանձնային շփումների զարգացմանը։

Որո՞նք են հումանիտար համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, և ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի դրանք նույնպիսի կարևոր շարժիչ ուժ դառնան, ինչպիսին տնտեսությունն է։

Ինչպես արդեն նշվել է, տնտեսական ակտիվությանը պետք է նախորդի գործարար համայնքների միջև վստահության ձևավորումը, անձնական շփումների զարգացումը, ժողովուրդների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը, միմյանց ավանդույթների և գործարար մշակույթի իմացությունը։ Դրան հասնելու լավագույն միջոցը հումանիտար, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության զարգացումն է։

Անհրաժեշտ է զարգացնել միջմշակութային համագործակցությունը բոլոր ձևաչափերով՝ ցուցահանդեսների, մշակութային օրերի, փառատոնների անցկացում, մասնագիտական այցեր և փոխանակումներ, համերգներ, կինոդիտումներ և արվեստի այլ ձևեր։

Կարևոր է ընդլայնել ուսանողների փոխանակման ծրագրերը միջկառավարական մակարդակով, ստեղծել նոր նախագծեր բարձր դասարանցիների ու քոլեջների ուսանողների համար, ինչպես նաև Չինաստանում բացել հայոց լեզվի ուսումնասիրության կենտրոններ՝ Կոնֆուցիոսի ինստիտուտների օրինակով:

Այստեղ մեծ է պետական կառույցների դերը, որոնք կարող են և պետք է աջակցեն այն կազմակերպություններին, որոնք արդեն իսկ իրականացնում են նմանատիպ նախաձեռնությունների մեծ մասը։

Մարիա Ասատրյան