Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում — 4» գործողության 89-րդ ալիքի ընթացքում (ծածկանունը՝ «Յա Մուսա Քալիմ Ալլահ») ավելի քան 100 ծանր հրթիռ է կիրառել: Այս մասին հայտնում է Pars Today-ը։

Ըստ ԻՀՊԿ հաղորդագրության՝ այս փուլում թիրախավորվել են ամերիկյան և իսրայելական օբյեկտները: Գործողությունն ընդգրկել է Արևմտյան Ասիայի ողջ տարածաշրջանը և Իսրայելի հյուսիսից հարավ ընկած հատվածը։ Ավելի քան հազար կիլոմետր շառավղով գոտում հարվածային անօդաչու սարքեր և 200 հրթիռ է կիրառվել։

«Այս համակցված գործողությունները նվիրված էին Եմենի իսլամական դիմադրության մարտիկների հիշատակին։ Թիրախում են եղել Էյլաթի, Թել Ավիվի և Բնեյ Բրակի օբյեկտները, ինչպես նաև սիոնիստական ռեժիմի ռազմական կետերն ու զորքերի կուտակումները։ Ըստ տեղական աղբյուրների՝ հակառակորդը ծանր կորուստներ է կրել։ Գործողության շրջանակում ճշգրիտ հարված է հասցվել նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ ահաբեկչական ուժերի ստորաբաժանմանը (որտեղ 80 մարդ է եղել)։ Բացի այդ, բալիստիկ հրթիռներով հարված է հասցվել «Ալ-Ուդեյդ» բազայում գտնվող ամերիկյան ուղղաթիռների խմբին, ինչի հետևանքով մեկ ուղղաթիռ է ոչնչացվել, իսկ մյուսներն էլ լրջորեն վնասվել են», - ասված է Իրանի ԻՀՊԿ հայտարարության մեջ։