Ադրբեջանը բացահայտ դուրս չի գա Իրանի դեմ, մինչև որ 100%-ով համոզված չլինի, որ Իրանում իշխանափոխություն է տեղի ունենալու։ Այս մասին ապրիլի 1-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ գաղտնիք չէ, որ Իսրայելը Ադրբեջանում որոշակի ռազմական և հետախուզական ներկայություն ունի։ «Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներն արդեն 15 տարի է գրում են այդ մասին», - ասել է նա։

Նա կարծում է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բավականաչափ խելամիտ կգտնվի, որպեսզի իր տարածքը չտրամադրի Իրանին բացահայտ հարվածներ հասցնելու համար։ Պատերազմի սկզբից արդեն մեկ ամիս է անցել և չնայած մարտավարական որոշ հաջողություններին՝ հակաիրանական կոալիցիան այդպես էլ ռազմավարական ձեռքբերումներ չի ունեցել։ Քաղաքագետը պարզաբանել է, որ Բաքուն կներքաշվի պատերազմի մեջ կամ առնվազն թույլ կտա բացահայտ օգտագործել իր տարածքը միայն այն դեպքում, եթե 100%-ով համոզված լինի, որ Իրանում իշխանափոխություն կլինի, կամ էլ երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը պարզապես դադարի գոյություն ունենալ։