Իրանի բանակը հայտարարել է տարածաշրջանում AWACS ինքնաթիռների, լցանավերի և ամերիկյան բազաների ոչնչացման մասին, հաղորդում է Pars Today-ը։

«Իրանի իսլամական հանրապետության տոկո՛ւն ժողովուրդ։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակում ծառայող ձեր որդիները, հենվելով ձեր գիտակից ներկայության վրա և ի պատասխան մեր երկրի դեմ սիոնիստական ռեժիմի ու հանցագործ Ամերիկայի բարբարոսական օդային հարձակումների՝ հատկապես բնակելի ու քաղաքացիական թիրախների ռմբակոծությունների, այսօր վաղ առավոտից անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բեն Գուրիոն օդանավակայանում տեղակայված ամերիկյան AWACS ինքնաթիռների և վառելիք լիցքավորող սարքերի կայանատեղիներին։ Հարվածներ են հասցվել նաև ԱՄԷ-ում գտնվող հրթիռների ու մարտական ԱԹՍ-ների հայտնաբերման և ուղեկցման ռադիոլոկացիոն համալիրին, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի օբյեկտներին»,- ասված է Իրանի բանակի հայտարարության մեջ։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը նախկինում նույնպես անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան բազաներին և Իսրայելի ռազմական օբյեկտներին։

Ստացված տվյալների և արբանյակային մոնիթորինգի համաձայն՝ լուրջ վնաս է հասցվել այդ օբյեկտներին, ինչը զգալիորեն խաթարել է ռազմական ավիացիայի մարտական ու ապահովման գործունեությունը, ինչպես նաև հրթիռների և մարտական անօդաչուների որսման համակարգերի աշխատանքը։

Հարձակումների այս ալիքում օգտագործվել են «Արաշ 2» հզոր անօդաչու սարքերը, որոնց թռիչքի հեռահարությունը հասնում է մինչև 2000 կիլոմետրի։