Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ակտիվ լինի ԱՄՆ-Իրան պատերազմի հարցում։ Այս մասին ապրիլի 1-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։
Ինչպես նշել է փորձագետը՝ պատերազմն Իրանում շատ ավելի մեծ պետությունների և ազդեցիկ ուժերի մասնակցությամբ գործընթաց է, որի վրա Հայաստանի Հանրապետությունը որևէ ազդեցություն չունի։ «Այս համատեքստում ակնկալել, որ ՀՀ-ն ակտիվ դիրքորոշում պետք է արտահայտի, տեսակետներով հանդես գա, լուրջ չէ»,— ասել է Պողոսյանը
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը բավականին զգուշավոր է, ինչը հասկանալի է։ «Մեկ տարի երկու ամիս առաջ է ստորագրվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը և Վաշինգտոնյան հռչակագրից հետո տեսնում ենք ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացում։ Կարծես թե կա միտում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների խորացման։ Մյուս կողմից բոլորը հասկանում են, թե ինչ կարևոր պետություն է Իրանը ՀՀ-ի համար։ Փաստ է՝ գոնե 2021-2024-ին նաև Իրանը էական դեր է խաղացել այն հանգամանքում, որ կանխել է Ադրբեջանի կողմից ռազմական հարձակում ՀՀ հարավային շրջանների ուղղությամբ Զանգեզուրի միջանցքը բացելու ուղղությամբ», - պարզաբանել է քաղաքական գործիչը։
Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է, մի կողմից, փորձի պահպանել բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, իսկ մյուս կողմից՝ ձգտի պահպանել այն դինամիկան, որն առկա է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։



























