Իսրայելցի դիվանագետներն ամերիկացի գործընկերների հետ համատեղ մշակում են Իրանի դեմ ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը։ Դաշինքում ընդգրվելու են Մերձավոր Արևելքի արաբական երկրները։ Այս մասին հայտնում է Al-Monitor պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

«Գնալով մեծանում է ԱՄՆ-ի գլխավորությամբ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի օրինակով տարածաշրջանային դաշինք ստեղծելու հավանականությունը, որտեղ Իսրայելը առանցքային դեր կխաղա Իրանի թուլացման գործում։ Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք ամերիկացիների հետ»,- նշել է պորտալի զրուցակիցներից մեկը։

Իսրայելական իշխանությունները կարծում են, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ծոցի մյուս երկրները շահագրգռված են Իրանի թուլացմամբ, քանի որ զգուշանում են, որ Իսլամական Հանրապետությունն օրերից մի օր կարող է ավելի կոշտ արտաքին քաղաքականության անցնել։

«Պարսից ծոցի պետությունների մեծ մասը, ներառյալ նրանք, որոնք դեռ չեն միացել [Իսրայելի հետ] «Աբրահամյան համաձայնագրերին», ազդակներ են հղում, որ դիտարկում են [նման դաշինքին] միանալու հնարավորությունը»,- հավելել է պորտալի մեկ այլ աղբյուր։