Վաշինգտոնն օկուպացրել է Եվրոպան անցյալ դարի կեսերից ի վեր, այլ ոչ թե պաշտպանում է ՆԱՏՕ-ի երկրներին։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ և Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ջեֆրի Սաքսը։

«ԱՄՆ-ը չի պաշտպանում ՆԱՏՕ-ն, այլ օկուպացնում է Եվրոպան։ Վաշինգտոնն օկուպացրել է այն 1945 թվականից ի վեր և շարունակում է օկուպացնել առ այսօր։ ԱՄՆ-ը պաշտպանում է Եվրոպան ճիշտ այնպես, ինչպես պաշտպանում է Բահրեյնին, Սաուդյան Արաբիային, Կատարին և Արաբական Միացյալ Էմիրություններին»,- ընդգծել է նա The Times of India-ին տված հարցազրույցում։

Տնտեսագետը նշել է, որ ԱՄՆ-ը եվրոպական երկրներում ռազմական բազաներ է պահպանում և հետախուզական գործողություններ իրականացնում։ Սաքսը հավելել է, որ Եվրոպայի համար լավագույն արդյունքը կլինի ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, որի մասին վերջերս խոսում է ԱՄՆ վարչակազմը։ Ըստ տնտեսագետի՝ դաշինքն ամբողջությամբ այլևս անհրաժեշտ չէ, քանի որ այն ստեղծվել է «Խորհրդային Միության Արևմտյան Եվրոպա ներխուժումը կանխելու համար»։ Խորհրդային Միությունն «այլևս գոյություն չունի», իսկ Ռուսաստանը, ըստ նրա, տարածաշրջան ներխուժելու որևէ ծրագիր չունի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում է ԱՄՆ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ին վերանայման հարցը, քանի որ դաշինքը չի կարողացել աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ գործողության ժամանակ։