Իրանը գիշերվանից ի վեր չորս անգամ հրթիռակոծել է Իսրայելը։ Այս մասին հայտնել է հրեական պետության բանակը։
Այնտեղ հայտարարել են, որ ՀՕՊ համակարգեր են աշխատել թիրախների ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Tasnim-ը, վերջին հարձակումն իրականացվել է Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայի և Գալիլեայի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում բանակցություններ կընթանան Իրանի հետ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են 5 օրով։ Միևնույն ժամանակ, Իրանը հերքել է այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժել է Թրամփի առաջարկը։



























