Շուրջ 40 երկիր քննարկում է Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնմանն ուղղված համատեղ գործողությունները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ջրային ուղու անվտանգության ապահովումն այլ երկրների լուծելիք խնդիրն է։ Հաղորդում է Reuters-ը։
Առնցանց հանդիպումը նախագահել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը։ Դրան մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հնդկաստանի ներկայացուցիչները։ Հանդիպումը սկսվել է Լոնդոնի ժամանակով կեսօրին։
«Մենք կենտրոնացած ենք դիվանագիտական և միջազգային պլանավորման միջոցառումների վրա, ներառյալ մեր դիվանագիտական ու տնտեսական գործիքակազմի և ճնշման միջոցների ողջ սպեկտրի հավաքական մոբիլիզացումը», - հանդիպման սկզբում ասել է Քուպերը։
Ինչպես հայտնել է պաշտոնյաներից մեկը, Միացյալ Նահանգները ներկա չի եղել բանակցություններին։ Մոտ 40 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ այս քննարկումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ նեղուցը կարող է բացվել «բնական ճանապարհով», և դրա բացման պատասխանատվությունը կրում են նեղուցից կախում ունեցող երկրները։
Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչ Գիյոմ Վերնեն հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այս գործընթացը լինելու է բազմափուլ և չի կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները չեն հանդարտվել կամ վերջնականապես չեն դադարել։ Բանակցությունների առանցքային կետն այն է, թե ինչպես ապահովել, որ նավատերերն իրենց բավականաչափ վստահ զգան այդ տարածքով նավարկությունը վերսկսելու համար, և ինչպես նվազեցնել ապահովագրական վճարները։
Վերնեի խոսքով՝ ի վերջո անհրաժեշտ կլինի նաև համակարգում իրականացնել Իրանի հետ՝ նավերի անվտանգության երաշխիքներն ապահովելու համար, ինչն այս պահին քիչ հավանական է։ Նա նաև հավելել է, որ արդեն բանակցություններ են սկսվել այն մասին, թե ինչպիսի ռազմական միջոցներ կարող են տրամադրվել։
«Մեզ անհրաժեշտ կլինի հավաքել բավարար քանակությամբ նավեր և ունենալ օդում ու ծովում գործողությունների համակարգման կարողություններ, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակման հնարավորություն», - նշել է Վերնեն:
Չորեքշաբթի երեկոյան Թրամփը հայտարարել էր, թե Հորմուզի նեղուցից օգտվող մյուս երկրները պետք է «քաջություն հավաքեն» և «պարզապես օգտվեն դրանից»:
Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հինգշաբթի օրը Հարավային Կորեայում ունեցած ելույթի ժամանակ, հայտարարել է, որ նեղուցի ռազմական զավթումն «անիրատեսական» տարբերակ է:



























