Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում Թուրքիային շնորհակալություն է հայտնել Մոնտրյոյի կոնվենցիայի վերաբերյալ իր դիրքորոշման համար։
«Մոնտրյոյի կոնվենցիայի վերաբերյալ դեսպանատան հարցերին ի պատասխան՝ տեղեկացնում ենք ձեզ հետևյալի մասին։
Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիային և վճռականորեն աջակցում է դրա իրականացմանը միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների կողմից։
Կարծում ենք՝ կոնվենցիան ծառայում է բոլոր երկրների և պետությունների շահերին, հատկապես ներկա դրամատիկ ժամանակահատվածում՝ Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների համատեքստում։
Այդ առումով մենք գնահատում ենք Թուրքիայի հավասարակշռված և պատասխանատու դիրքորոշումը»,- ասվում է Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն պահպանում է բոլոր երկրների առևտրային նավերի անցման ազատությունը նեղուցներով՝ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակներում, և սահմանում է ռազմանավերի անցման տարբեր ռեժիմներ Սևծովյան և ոչ Սևծովյան պետությունների նավատորմերի համար։
Ինքը՝ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է հետևել Մոնտրոյի կոնվենցիային, որը կարգավորում է նավարկությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում, ինչն, ըստ Անկարայի, անհրաժեշտ է Սև ծովում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։



























