Կդժվարանամ հիշել վերջին անգամ երբ են հրավիրել Հանրային հեռուստատեսություն, չեմ հիշում դեպք, որ մերժած լինեմ, բացի վերջին դեպքից. միակ դեպքը, երբ ասել եմ՝ հնարավոր չի մասնակցությունը, դա եղել է իմ գործընկերոջ՝ Գարեգին Միսկարյանի նկատմամբ անբարեխիղճ մոտեցումից հետո, երբ այլ տեսակետ հայտնող, նոր միտք, նոր գաղափար բերած մարդուն, բառացիորեն լեզվախեղդ էին անում, հերթ չէին տալիս խոսելու։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Նժար» հասարակական-քաղաքական ուժի ղեկավար Նինա Կարապետյանցը։

«Մենակ Գարեգինի մասին չի խոսքը, բոլոր մարդիկ, ովքեր իրական ընդդիմություն են ներկայացնում, այնպես չի, որ չեն հրավիրում, հրավիրում են, բայց դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում համաժամանակյա բազմակողմանի հարձակում է տեղի ունենում, որովհետև զուգահեռաբար խոսում են նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներ են, որոնք ներկայանում են որպես անկախ էքսպերտներ, և երկու լրագրողները միաժամանակ։ Խանգարում են, թույլ չեն տալիս, որպեսզի այլ ընդդիմադիր հայացք ունեցող, նոր միտք ու գաղափար բերող մարդուն խոսելու։ Անընդհատ ընդհատում են, ծաղրական, հեգնական տոնով են խոսում, թույլ չեն տալիս միտքն ավարտել։

Իրենց օգտագործում են հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, օգտագործում են ոչ միայն իրենց ձեռքի տակ եղած ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, որոնք գնում են, օրինակ, հոգևորականների տները գիշերվա կեսին ծեծում են ու «մտերմիկ զրույցի» են հրավիրում, իրենց գործիքակազմը մարդկանց գաղտնալսելու, տեսագրելու այդ գործիքը մի կողմից են օգտագործում, օգտագործում են նաև Հ1-ը»,–ասաց նա։

Նինա Կարապետյանցը նկատեց, որ շատ նորմալ է, որ կառավարության գործունեությունը պիտի լուսաբանվի. «Բայց երբ կրոնական մի կազմակերպության դեմ բառացիորեն հակասահմանադրական, հակակոնվենցիոն, հակաիրավական, ասել է թե՝ քրեորեն պատժելի գործողություններ են իրականացվում, և դա լուսաբանվում է, դա ներկայացվում է որպես նորմա, որպես միակ ճիշտ վարքագիծ, սա նորմալ չի, սա բոլոր գրված, չգրված օրենքներին հակասող է։ Սա միայն մեր ներպետական օրենքներին չի հակասում, սա նաև կոնվենցիաներին է հակասում, որով մեր Հայաստանը պարտավորություններ ունի, և ամոթալի է, երբ մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են  տարբեր ոլորտներում, էքսպերտներ են եղել տարբեր ոլորտներում կամ պաշտպանել են տարբեր մարդկանց, օրինակ, տարբեր կրոնական կազմակերպությունների մեկ անձի խախտված իրավունքները, այսօր արդարացնում են ՔՊ-ի աշխատանքը «Հ1»–ով՝ ուղղված, օրինակ, Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սա շատ ամոթալի է»,– ընդգծեց Նինա Կարապետյանցը։