Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում մանրամասներ է ներկայացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած զրույցից։
Մակրոնի փոխանցմամբ՝ ինքը կոչ է արել վերսկսել Իսլամաբադում ընդհատված բանակցությունները, հարթել տարաձայնությունները և թույլ չտալ իրավիճակի հետագա էսկալացիան։
«Մասնավորապես, չափազանց կարևոր է, որ բոլոր կողմերը, այդ թվում՝ Լիբանանը, խստորեն պահպանեն հրադադարը։ Նույնքան հրատապ է Հորմուզի նեղուցի անվերապահ վերաբացումը՝ առանց որևէ սահմանափակումների կամ հավելյալ վճարների։ Միայն այս պայմաններում հնարավոր կլինի արագորեն վերսկսել բանակցությունները։ Այս ուրբաթ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Փարիզում կանցկացնեն խորհրդաժողով։ Տեսակապի միջոցով կմասնակցեն նաև այն երկրները, որոնք ներգրավված չեն պատերազմում, բայց պատրաստ են մեզ հետ ստեղծել պաշտպանական առաքելություն։ Վերջինս նպատակ ունի վերականգնել նեղուցում նավագնացության ազատությունը՝ անվտանգային պայմանների ստեղծումից հետո», - ասել է Մակրոնը։





























