2025–2026 ֆինանսական տարվա արդյունքներով Չինաստանը դարձել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։ The Economic Times-ը, հղում անելով կառավարական աղբյուրներին, հայտնում է, որ մարտի 31-ին ավարտված ֆինանսական տարում Պեկինն առաջ է անցել բոլոր մրցակիցներից։

Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 151 միլիարդ դոլարը։ Հնդկաստանից Չինաստան արտահանման ծավալներն աճել են 36,6%-ով՝ կազմելով 19,47 միլիարդ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 16%-ով՝ հասնելով 131,6 միլիարդի։ Արդյունքում՝ Չինաստանի հետ առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը (դեֆիցիտը) Հնդկաստանի համար հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 112,6 միլիարդ դոլարի։

Հատկանշական է, որ Չինաստանը Հնդկաստանի արտաքին առևտրում առաջատարի դիրքը զբաղեցրել էր նաև նախկինում՝ 2014-2018 թվականների և 2020-2021 թվականների առանձին ժամանակահատվածներում։