Խոշոր էներգետիկ ընկերությունները, այդ թվում՝ Exxon Mobil-ը, Chevron-ը, BP-ն, Shell-ը և TotalEnergies-ը, ակտիվացնում են նավթի և գազի նոր հանքավայրերի որոնումները Մերձավոր Արևելքից դուրս՝ աճող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Wood Mackenzie-ին:
Պարբերականի համաձայն՝ Exxon-ը նախատեսում է մինչև 24 միլիարդ դոլար ներդնել Նիգերիայում խորքային ջրային նախագծերում, Chevron-ն ընդլայնում է իր ներկայությունը Վենեսուելայում, BP-ն ձեռք է բերել բաժնետոմսեր Նամիբիայի ափերի մոտ, իսկ TotalEnergies-ը պայմանագրեր է կնքել Թուրքիայի հետ։
Վերլուծաբաններն ասում են, որ առաջիկա տարիներին այս ընկերությունները կարող են ստեղծել մոտ 120 միլիարդ դոլար արժեք նոր հետախուզական ծրագրերից: 2021–2025 թվականներից հետո, երբ երկրաբանական հետախուզման մեջ ներդրումները նվազել են, արդյունաբերությունը կրկին մեծացնում է ակտիվությունը։
Wood Mackenzie-ի գնահատմամբ, համաշխարհային նավթային ընկերությունները պետք է մինչև 2050 թվականը գտնեն մոտ 300 միլիարդ բարել լրացուցիչ ռեսուրսներ՝ պահանջարկը բավարարելու համար:
The Wall Street Journal-ը ներդրումների արագացումը պայմանավորում է նավթի գների աճով, մատակարարման խափանումներով և հակամարտությունների և ծովային երթուղիների սպառնալիքներով, այդ թվում՝ Հորմուզի նեղուցով:
Նշվում է նաեւ, որ ԱՄՆ իշխանությունները նավթային ընկերություններին կոչ են անում ավելացնել արդյունահանումը շուկան կայունացնելու եւ գների վրա ճնշումը նվազեցնելու համար։





























