Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 21–ի նիստում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն առաջարկեց օրակարգից հանել Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանակոչելու հարցը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այս դահլիճում քննարկվել է այդ թեման և գրեթե կոնսենսուսային որոշում է կայացվել, որ Ամիրյան փողոցի անվանափոխումը պետք է լինի բոլոր խմբակցությունների հետ նախապես քննարկված կոնսենսուսային որոշում։ Էլ չասեմ, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում 30 կարծիքից 5–ը բացասական է, 25-ը՝ դրական, մինչդեռ նախորդ նախագծերի համար առնվազն 100 ակտիվ քաղաքացու քննարկում էինք ակնկալում։ Այս դեպքում դա չկա։
Ամենևին դեմ չլինելով Պապ թագավորի անվանը, չքննարկված է խմբակցությունների հետ բերված նախագիծը, այնինչ այս դահլիճում ձեր կողմից նաև հնչել է, որ Ամիրյան փողոցի անվանափոխումը պետք է լինի կոնսենսուսային որոշում։
Էլ չասեմ, որնախագիծը բերվել է հրատապով և խմբակցությունները չեն հասցրել նույնիսկ իրար մեջ գան կոնսենսուսային որոշման»։
Նախագծի հեղինակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանն ասաց, որ դեմ չէ քննարկմանը, սակայն հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, որ նախագիծը բերվում է ավագանու օրակարգ. «Այն ժամանակ այս նույն խոսակցություն էր, դրա համար էլ ես այն ժամանակ հանեցի օրակարգից, որպեսզի քննարկվի։ Բայց անցել են ամիսներ. և այդքան շահագրգիռ մարդիկ եթե կային այս հարցով, իրենք երբևէ որևէ ձևով, որևէ տեսքով չեն արձագանքել քննարկմանը։ Կարծում եմ՝ երեք ամիս անց նույն բանն է լինելու»։
Ի վերջո, հարցը հանվեց օրակարգից։





























