Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Եվրոպական միությանը կոչ է արել վերանայել և մեղմացնել մի շարք բնապահպանական նորմեր՝ Իրանում ընթացող պատերազմով պայմանավորված էներգակիրների գնաճի հետևանքները մեղմելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Կիպրոսում կայանալիք ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման նախաշեմին ուղարկված նամակում Բաբիշն առաջարկել է վերանայել հանածո վառելիքի ներկրման ժամանակ մեթանի արտանետումների կրճատման կանոնակարգի կիրառման ժամկետները։ Նա նաև հորդորել է հետաձգել այն պահանջների ներդրումը, որոնք ընկերություններին պարտադրում են մշակել մատակարարման շղթաներում բնապահպանական և իրավապաշտպան չափանիշների պահպանման ռազմավարությունները։

Նրա խոսքով՝ կարգավորումների աճի տեմպերը սկսում են ուղղակիորեն ազդել Եվրոպայում էներգիայի հասանելիության և արժեքի վրա: Բաբիշը կողմ է արտահայտվել նաև ածխածնի արտանետումների առևտրի համակարգի շրջանակում մի շարք պարտավորությունների հետաձգմանը և առաջարկել է ընդլայնել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից գազի ներկրման երկարաժամկետ պայմանագրերի կնքման հնարավորությունը:

Չեխիայի վարչապետը զգուշացրել է, որ առանց կարգավորող բեռի մեղմացման՝ Եվրամիությունը ռիսկի է դիմում կորցնել գազի համաշխարհային շուկայում ունեցած դիրքերը և վերածվել «գնային պայմաններ ընդունող» կողմի:

Ավելի վաղ Բաբիշը հայտարարել էր ԵՄ-ում կարգավորող ճնշումը կրճատելու մտադրության մասին, ինչը, նրա կարծիքով, զսպում է եվրոպական արդյունաբերության զարգացումը: