Իրանում ընթացող պատերազմի պատճառով նավթի համաշխարհային մատակարարումների խափանումները Եվրոպայից իրականացվող հեռահար թռիչքների ինքնարժեքն ավելացրել են ավելի քան 100 դոլարով: Սա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ավիատոմսերի թանկացման։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Transport & Environment (T&E) փորձագիտական խմբի տվյալներին։

Ըստ T&E-ի՝ ավիավառելիքի գնաճի հետևանքով Եվրոպայից մեկնող հեռահար չվերթներում յուրաքանչյուր ուղևորի համար վառելիքի միջին ծախսն աճել է 104 դոլարով:

Իր վերլուծության մեջ ընկերությունը համեմատել է ապրիլի 16-ի դրությամբ առկա գները փետրվարի 28-ի ցուցանիշների հետ (նախքան Իրանի դեմ պատերազմական գործողությունների սկիզբը)։

T&E-ի հրապարակված վերլուծության համաձայն՝ Բարսելոնայից Բեռլին թռիչքի համար անհրաժեշտ ավիակերոսինը յուրաքանչյուր ուղևորի համար թանկացել է 31 դոլարով, մինչդեռ Փարիզ-Նյու Յորք հեռահար չվերթի պարագայում այդ հավելավճարը հասնում է 152 դոլարի: Եվրոպական ավիաընկերությունները պատրաստվում են բարդ գարնանային ու ամառային շրջանի. Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր ավիավառելիքի գինը մեկ բարելի դիմաց աճել է ավելի քան 100 դոլարով: Միևնույն ժամանակ, խորանում է մտահոգությունը, որ վառելիքի դեֆիցիտը կարող է հանգեցնել չվերթների չեղարկման:

Եվրամիությունը վաղը կհրապարակի ավիավառելիքի սահմանափակ մատակարարումների կառավարման վերաբերյալ առաջարկությունները։