Հինգ եվրոպական երկրներ այս տարի մաքուր էներգիայի շնորհիվ կխնայեն իրենց էներգիայի վճարների 58%-ը, հաղորդում է Euronews-ը։
Քանի որ վերջին տարիներին ԵՄ երկրներում մեծացել է «կանաչ» էներգիայի մասնաբաժինը, պետություններն այլևս այդքան էլ խոցելի չեն գազի գների կտրուկ փոփոխությունների հանդեպ։
Այնուամենայնիվ, ամենամեծ օգուտը ստանում են հինգ երկրների՝ Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Սլովակիայի սպառողները, որտեղ էլեկտրաէներգետիկ հաշվեկշռում մաքուր էներգիայի մասնաբաժինն ամենաբարձրն է։ Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ այս տարի այդ պետությունները էներգիայի հաշիվների վրա կխնայեն 8,5 միլիարդ եվրո։ Նրանց ծախսերը 58%-ով ավելի ցածր կլինեն, քան էներգետիկ «ամենակեղտոտ» կառուցվածքն ունեցող երկրներինը (Լեհաստան, Իտալիա, Հունաստան, Էստոնիա և Նիդերլանդներ)։
Հաշվարկները հիմնված են այն կանխատեսման վրա, որ այս տարի սպառումը կմնա 2025 թվականի մակարդակին, միևնույն ժամանակ հաշվի է առնվում նաև գների աճն ու գազի նկատմամբ զգայունությունը։
Ըստ 2025 թվականի տվյալների՝ Շվեդիան դարձել է ԵՄ այն երկիրը, որն ամենաքիչն է ենթարկվել գազի գնային ցնցումների ազդեցությանը։ Միջին հաշվով, գազի յուրաքանչյուր 1 եվրո թանկացման դեպքում էլեկտրաէներգիայի մեծածախ գնի աճն այնտեղ կազմում է ընդամենը 0,04 եվրո (1 ՄՎտժ-ի դիմաց)։





























