Թրամփի կողմից Իրանի հետ հրադադարի անորոշ ժամկետով երկարաձգումից հետո գլխավոր հարցը մնում է հետևյալը՝ կարո՞ղ են երկու կողմերը համաձայնության գալ և ավարտին հասցնել հազարավոր կյանքեր խլած ու համաշխարհային էներգետիկ ճգնաժամ առաջացրած պատերազմը, գրում է Bloomberg-ը։

Բանակցությունների ամենաբարդ կետը Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումն է։ Սովորական պայմաններում այս ուղիով է անցնում համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Պատերազմի սկզբից Իրանը կտրուկ սահմանափակել է նեղուցով իրականացվող երթևեկությունը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների թռիչքաձև աճի։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն շրջափակման է ենթարկել իրանական նավահանգիստներ մտնող նավերը։ Թեհրանը պնդում է, որ նեղուցը չի բացվի, իսկ բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ շրջափակումը չի վերացվել։ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ սահմանափակումները կպահպանվեն մինչև վերջնական գործարքի ստորագրումը։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ Իրանն այժմ օրենսդրական հիմքեր է ստեղծում տարանցիկ վճարներ գանձելու համար և դժվար թե հեշտությամբ հրաժարվի համաշխարհային տնտեսության վրա ազդելու այս լծակից։

Միջուկային հարցը նույնպես մնում է օրակարգի ամենացավոտ կետերից մեկը։ Միացյալ Նահանգները ձգտում է Իրանին ամբողջությամբ զրկել միջուկային կարողություններից՝ բացառություն անելով միայն «Բուշեր» ատոմակայանի համար։ Իրանը, սակայն, պնդում է, որ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իրավունք ունի։ ԱԷՄԳ-ի վերջին տվյալներով (մինչև 2025-ի հունիսին հասցված հարվածները)՝ Թեհրանը կուտակել էր 60% հարստացվածության 441 կգ ուրան, ինչը բավական է մոտ մեկ տասնյակ միջուկային ռումբ պատրաստելու համար։ Այդ պաշարների ներկայիս գտնվելու վայրն անհայտ է։ Թրամփը մերժում է հարստացման ժամանակավոր դադարեցման գաղափարն ու պահանջում է անժամկետ սառեցում, ինչին Իրանը դեմ է։

Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ ջանքերն ավելի է բարդացնում Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի մղած զուգահեռ պատերազմը։ Թեև ապրիլի 16-ին հայտարարվել էր 10-օրյա ժամանակավոր հրադադար, սակայն «Հեզբոլլահը» չի մասնակցել բանակցություններին և կտրականապես մերժում է զինաթափման պահանջները։ Իսրայելն իր հերթին պնդում է Լիբանանի հարավում «բուֆերային գոտի» ստեղծելու անհրաժեշտությունը։

Բանակցություններում մյուս կարևոր խոչընդոտներն ԱՄՆ-ի պահանջներն են, ըստ որոնց պետք է սահմանափակել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը և դադարեցնել տարածաշրջանային խմբավորումների՝ «Հեզբոլլահի» ու հուսիների ֆինանսավորումը։ Իրանն էլ իր հերթին պահանջում է չեղարկել պատժամիջոցները, փոխհատուցել պատերազմի հասցրած վնասը և դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից։ Սրանք պայմաններ են, որոնք Վաշինգտոնը դժվար թե ընդունի։

Թրամփն օրեցօր աճող քաղաքական ու տնտեսական ճնշման տակ է. ԱՄՆ-ում բենզինի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 դոլարը (մեկ գալոնի դիմաց), իսկ առջևում միջանկյալ ընտրություններն են։ Bloomberg-ի փորձագետները կարծում են, որ նախագահը կարող է ընտրել «չարյաց փոքրագույնը»՝ գնալ փոխզիջման և դադարեցնել պատերազմը՝ մի կողմ դնելով առավել բարդ ու չլուծված հարցերը։