Եվրամիությունը կարող է նոր բախում ունենալ Դոնալդ Թրամփի հետ։ Պատճառը Բալկանյան գազամուղի կառուցման շահավետ պայմանագիրն է, որի կնքմանը Թրամփը փորձել է խոչընդոտել՝ իր անձնական փաստաբանի գլխավորած ընկերության շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Թեև Բրյուսելի և Թրամփի միջև հակասությունները նոր չեն (առևտրի, Ուկրաինայի ու ռազմական ծախսերի հարցերում), սակայն սա թերևս առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն հակադրվում է նախագահի մերձավորների բիզնես շահերին։

Խոսքը Բոսնիա և Հերցեգովինայի տարածքով անցնող «Հարավային միակցիչ գազամուղի» մասին է։ Բոսնիական աղբյուրները հայտնում են, որ ամերիկացի պաշտոնյաներն ամիսներ շարունակ ճնշել են երկրի իշխանություններին, ինչից հետո վերջիններս շտապել են պայմանագիրը շնորհել Վայոմինգում հիմնված և մինչ այդ գրեթե անհայտ մի ընկերության։

AAFS Infrastructure and Energy ընկերությունը գրանցվել է անցյալ տարվա նոյեմբերին և չի հրապարակել իր սեփականատերերի տվյալները։ Ընկերության գործունեության մեջ ներգրավված են Թրամփի նախընտրական թիմի երկու առանցքային անդամներ, որոնք 2020-ին փորձել են չեղարկել ընտրությունների արդյունքները։ Նրանցից մեկը փաստաբան Ջեսի Բիննոլն է, որը պաշտպանել է Թրամփին Կապիտոլիումի անկարգությունների գործով, մյուսը՝ Ջո Ֆլինը՝ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդականի եղբայրը։

Չնայած ոլորտում փորձի բացակայությանը՝ AAFS-ն մտադիր է 1,5 միլիարդ դոլար ներդնել Բոսնիայի գազամուղի և այլ ենթակառուցվածքային նախագծերում։ Այս մասին հայտնել է ընկերության տեղական ներկայացուցիչը։

Մարտ ամսին բոսնիացի օրենսդիրները հաստատել են մի օրենք, որն, ըստ Transparency International-ի, «վտանգավոր նախադեպ» է ստեղծում։ Բանն այն է, որ օրենքը նախատեսում է պայմանագիրը փոխանցել AAFS-ին՝ առանց որևէ մրցույթի անցկացման։

Օրեր անց Սարաևոյում ԵՄ ներկայացուցիչը փակ հանդիպման ժամանակ զգուշացրել է բոսնիացի առաջնորդներին, որ նման քայլով նրանք վտանգում են երկրի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը։ Ապրիլի 13-ին ուղարկված նամակում, որը հայտնվել է istraga.ba գործակալության և The Guardian-ի տրամադրության տակ, ԵՄ պաշտոնյա Լուիջի Սորեկան շեշտել է, որ Բրյուսելի և Բոսնիայի միջև էներգետիկ համաձայնագրի համաձայն՝ Եվրամիության հետ նման օրինագծերի մանրակրկիտ համաձայնեցվածությունը «կենսական նշանակություն ունեն»։ Սորեկան հավելել է, որ Բրյուսելը պետք է վճռորոշ ձայնի իրավունք ունենա գազամուղների վերաբերյալ օրենսդրության հարցում։

«Այդպիսով Բոսնիա և Հերցեգովինան կկարողանա շարունակել իր եվրոպական ուղին և բաց չթողնել հետագա ինտեգրման ու ֆինանսական նոր հնարավորությունները»,— նշել է նա։

Փաստաբան Ջեսի Բիննոլը հայտարարել է, որ գազամուղի կառուցումը «Թրամփի վարչակազմի առաջնահերթությունն է»։ Անդրադառնալով ԵՄ միջամտությանը՝ նա ասել է, որ AAFS-ը «երբեք տեսադաշտից բաց չի թողնի այն, ինչն իրականում կարևոր է այս նախագծում. էներգետիկ անվտանգության ապահովումը և Բոսնիա և Հերցեգովինայի ժողովրդի տնտեսական զարգացմանը նպաստելը»։

Բոսնիան միացնելով Խորվաթիայի ափամերձ հեղուկացված բնական գազի տերմինալին՝ գազամուղը թույլ կտա ամերիկյան գազ մատակարարել մի երկիր, որն այժմ ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ 2022-ին ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Բրյուսելը վերջնաժամկետ էր սահմանել ԵՄ անդամների և անդամակցության ձգտող երկրների (այդ թվում՝ Բոսնիայի) համար։ Ըստ այդ վերջնաժամկետի պետք է մինչև 2028 թվականը դադարեցնել ռուսական գազի գնումները։

Այնուամենայնիվ, Բրյուսելն այժմ կանգնած է մի փաստի առաջ. Եվրոպայի էներգետիկ «շախմատային տախտակի» վրա հայտնված նոր կարևոր խաղացողը կարող է հայտնվել ոչ թե պարզապես ամերիկյան մի ընկերության, այլ ԱՄՆ նախագահի հետ անձնական կապեր ունեցող կառույցի վերահսկողության տակ։