Վենետիկը մեկուկես հազար տարի շարունակ համարվել է աշխարհի այն սակավաթիվ քաղաքներից մեկը, որը վարժվել է ապրել ծովի հարևանությամբ։ Սակայն այսօր գիտնականները զգուշացնում են՝ երկարաժամկետ հեռանկարում նույնիսկ Վենետիկի պաշտպանության հայտնի համակարգը կարող է անբավարար լինել, գրում է The Conversation-ը։

Գիտական նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ ծովի մակարդակի բարձրացմանը զուգընթաց՝ քաղաքը, հնարավոր է, ստիպված լինի ընտրություն կատարել արմատական ինժեներական նախագծերի և նույնիսկ բնակչության մասնակի վերաբնակեցման միջև։

Հետազոտությունը նվիրված է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի շարունակական բարձրացման պայմաններում Վենետիկի ապագային։ Գիտնականները դիտարկել են հարմարվողականության մի քանի հնարավոր սցենարներ՝ պաշտպանիչ արգելապատնեշների ներկայիս համակարգի պահպանումից մինչև ողջ ծովալճակի (լագունայի) շուրջ հսկայական ամբարտակների կառուցում և նույնիսկ քաղաքի մի մասի տեղափոխում ավելի անվտանգ տարածքներ։

Այսօր Վենետիկի պաշտպանության հիմնական գիծը մնում է MOSE համակարգը՝ ծովի հատակին ամրացված հսկայական շարժական պողպատե դարպասների համալիրը։ Երբ ջրի մակարդակը բարձրանում է, դարպասները փակում են ծովի ջրի մուտքը դեպի Վենետիկյան ծովալճակ և պաշտպանում քաղաքը ջրհեղեղներից։ Համակարգի ստեղծման վրա ծախսվել է մոտ 6 միլիարդ եվրո։

Առայժմ MOSE-ն թույլ է տալիս իրավիճակը վերահսկողության տակ պահել, սակայն համակարգի վրա ծանրաբեռնվածությունն արագորեն աճում է։ 2020-ից 2025 թվականներին արգելապատնեշները բարձրացվել են 108 անգամ՝ ջրի մակարդակի բարձրացման ժամանակահատվածներում։ Միայն 2026 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում համակարգն արդեն օգտագործվել է 30 անգամ։

Հետազոտողները զգուշացնում են․ եթե ծովի մակարդակը շարունակի աճել, արգելապատնեշները ստիպված կլինեն փակել ավելի հաճախ՝ հնարավոր է տարեկան մի քանի շաբաթ շարունակ։ Դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նավագնացության, զբոսաշրջության և ծովալճակի բնական էկոհամակարգի համար։ Բացի այդ, կպահանջվեն կեղտաջրերի մաքրման նոր համակարգեր և հզոր պոմպեր՝ ծովալճակի ներսում ջրի մակարդակը պահպանելու համար։

Հետազոտության հեղինակները դիտարկում են նաև լրացուցիչ միջոցներ, այդ թվում՝ քաղաքի մասնակի «բարձրացման» անսովոր նախագիծը։ Առաջարկվում է ծովի ջուրը մղել խորը գետնի տակ, որպեսզի նվազեցվի հողի նստվածքը, ինչի պատճառով Վենետիկն աստիճանաբար իջնում է սեփական քաշի տակ։

Սակայն նույնիսկ նման միջոցները, գիտնականների կարծիքով, կարող են միայն հետաձգել խնդիրը։ Ծովի մակարդակի հետագա բարձրացման դեպքում քաղաքը, հնարավոր է, ստիպված լինի կառուցել օղակաձև ամբարտակներ, որոնք ֆիզիկապես կանջատեն պատմական կենտրոնը ծովալճակից։

Ավելի արմատական տարբերակը ենթադրում է հսկայական «գերամբարտակի» ստեղծում, որը փաստացի կմեկուսացնի ողջ ծովալճակը ծովից և թույլ կտա պաշտպանել Վենետիկը նույնիսկ ջրի մակարդակի 10 մետր բարձրացման դեպքում։ Բայց նման նախագիծը գրեթե կոչնչացնի ծովալճակի բնական էկոհամակարգը։

Որպես ամենածայրահեղ սցենար հետազոտողները նշում են բնակիչների աստիճանական վերաբնակեցումը և քաղաքային ենթակառուցվածքների մի մասի տեղափոխումը ցամաք։ Ըստ հեղինակների գնահատականների, նման տարբերակը կարող է արդիական դառնալ ծովի մակարդակի մոտ 5 մետր բարձրացումից հետո՝ ենթադրաբար արդեն 2300 թվականից հետո։

Օղակաձև ամբարտակները կարող են արժենալ 500 միլիոնից մինչև 4,5 միլիարդ եվրո։ Ծովալճակի լիակատար մեկուսացումը կպահանջի ավելի քան 30 միլիարդ եվրո, իսկ քաղաքի հնարավոր վերաբնակեցումը՝ մինչև 100 միլիարդ։

Բայց գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք հնարավոր է առհասարակ պահպանել այն Վենետիկը, որին մարդկությունը ճանաչում է այսօր։ Որոշակի փուլում խոսքն արդեն լինելու է ոչ թե պատմական քաղաքի պահպանման, այլ դրա գոյության լիովին նոր ձևի ստեղծման մասին։