Հայաստանն առաջին անգամ է ընդունում Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը, այն մեր երկիր է բերել 500 մարզիկի աշխարհի 30 երկրից: Մրցաշարին հետևելու են եկել մարզաձևի համաշխարհային դեմքերը, գործընկերների հետ միջոցառմանը ներկա է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նրան մարզադահլիճում դիմավորում են մեծ ոգևորությամբ:

Կիոկուշին կարատեն Հայաստանում ամենամասսայական մարտարվեստներից մեկն է, մեր մարզիկները միշտ բարձր են պահում երկրի պատիվը ու բոլորովին պատահական չէ, որ հենց Հայաստանն է հյուրընկալում աշխարհի գավաթի հեղինակավոր այս մրցաշարը, մինչև մեկնարկը ելույթ է ունենում Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Պիթքոլը. «Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի անունից ողջունում եմ ձեզ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար:  Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Գագիկ Ծառուկյանի դերակատարումը, ում անմնացորդ ջանքերի շնորհիվ այս մրցաշարը, վստահ եմ, դեռ շատ երկար է հիշվելու և դառնալու է լավագույններից մեկը աշխարհի գավաթի պատմությունների շարքում։ Բոլոր մարզիկներին հաջողություն և տպավորիչ մրցելույթներ եմ մաղթում»։

Մարզիկներին հաջողություն է մաղթում նաև ՀԱՕԿ նախագահը, նշելով, որ մեծ պատիվ է մեր երկրում նման մեծամասշտաբ մրցաշար անցկացնել: «Ձեր ներկայությունը ապացույց ն է այն գաղափարի, որ սպորտը կարող է միավորել ժողովուրդներին»,- ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։

«Առաջին հերթին ուզում եմ ինձ սրտի ձեր բոլորին ողջունել։ Իրոք հիացած եմ, տպավորված եմ, որ աշխարհից 30 երկիր է մասնակցում։ Միշտ պատրաստ եմ այս լավ գործին աջակից լինել, մասնակից լինել: Ես միշտ հետևողական տեսել եմ, որ մեր երիտասարդությունը ձգտում է պայքարելու, չեմպիոն դառնալու, սա մեկ անգամ ևս մեզ պարտավորեցնում է, որ մենք բոլորս կարողանանք ավելի ուշադրություն դարձնենք մեր երիտասարդությանը, որ փողոցից կտրվեն, պարապեն, զբաղվեն, պիտանի մարդ դառնան, հաղթանակ պարգևել մեր ազգին, մեր հիմնը հնչի։ Աշխարհի ֆեդերացիայի նախագահին ուզում եմ ասել, որ ամեն տարի, պետք է խոսք տա մեզ, որ գոնե մեկ աշխարհի, մեկ  Եվրոպայի առաջնություն կազմակերպենք անպայման Հայաստանում, ու մենք էլ պարտավորված ենք, որ այդ մեր հյուրերին դիմավորենք, ընդունենք բարձր մակարդակով, որ նրանք այստեղից լավ հիշողություններով, լավ տպավորություններով հեռանան։ Հաղթելու է ուժեղագույնը, մրցաշարը համարում եմ բաց»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Աշխարհի գավաթին մասնակցում են մարզիկներ տարբեր մայրամաքներից, ուժեղագույն ների թվում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Ռուսաստանը, Բելառուսը, մասնակիցներ կան նաև Ավստրալիայից և Մերձավոր Արևելքի երկրներից: Մարզիկներն ուժերն են փորձում վեց տարիքային խմբում: Հայաստանն այս տուգատեսին ներկայացրել ներկայացված է մեծաքանակ և ուժեղ թիմով, մրցաշարը հայ մարզիկները բացում են հաղթական մենամարտերով։