Նոր հետազոտությունը կասկածի տակ է դնում նեանդերթալցիների անհետացման ամենահայտնի տեսություններից մեկը՝ այն գաղափարը, թե նրանք մտավոր կարողություններով զիջում էին Homo sapiens-ին։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ նեանդերթալցիների ուղեղի և վաղ ժամանակակից մարդկանց ուղեղի միջև տարբերությունները շատ ավելի քիչ նշանակալի էին, քան տասնամյակներ շարունակ համարվում էր։ Այսինքն՝ էվոլյուցիոն մրցավազքում թույլ ճանաչողական ունակությունների պատճառով պարտված «ավելի քիչ զարգացած» նեանդերթալցու հայտնի կերպարը կարող է լուրջ գիտական մոլորություն լինել։

Վերագնահատման առիթ դարձավ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված աշխատանքը։ Հետազոտողները համեմատել են նեանդերթալցիների ուղեղի առանձնահատկությունները ժամանակակից մարդկանց ուղեղի տարբերակների հետ։

Դրա համար նրանք վերլուծել են ՄՌՏ-ի երկու մեծ տվյալների բազա՝ հարյուր չինական ծագում ունեցող մարդ և հարյուր եվրոպական ծագում ունեցող ամերիկացի։ Արդյունքը անսպասելի էր․ ժամանակակից մարդկային պոպուլյացիաների միջև տարբերությունները հաճախ ավելի մեծ էին, քան նեանդերթալցիների և հին Homo sapiens-ների միջև տարբերությունները։

Երկար ժամանակ գիտնականները ուշադրություն էին դարձնում նեանդերթալցիների գանգի անսովոր ձևին։ Նրանց գլուխներն ավելի երկարավուն էին՝ զանգվածային հոնքային աղեղներով և մեծ քթային հատվածով, մինչդեռ ժամանակակից մարդկանց գանգն ավելի կլորավուն է։ Դրա պատճառով առաջացան վարկածներ, թե իբր նեանդերթալցիները ավելի վատ էին պլանավորում գործողությունները, ունեին ավելի թույլ խոսք և սոցիալական կազմակերպվածությամբ զիջում էին մարդկանց։ Որոշ հետազոտողներ նույնիսկ ենթադրում էին, որ նրանց ուղեղի զգալի մասը «տրամադրված» էր տեսողական ընկալմանը, այլ ոչ թե բարդ սոցիալական մտածողությանը։

Սակայն նոր աշխատանքի հեղինակները կարծում են, որ նման եզրակացությունները արվել են չափազանց հապճեպ։ Ինչպես նշում է Indiana University Bloomington-ի մարդաբան Թոմ Շյոնեմանը, ուղեղի ձևի և մտավոր կարողությունների միջև կապը շատ ավելի թույլ է, քան նախկինում ենթադրվում էր։ Նույնիսկ եթե փոքր տարբերություններ իսկապես գոյություն ունեին, դժվար թե դրանք դառնային մարդկային մի ամբողջ տեսակի անհետացման պատճառ։ Գիտնականներն ընդգծում են՝ նեանդերթալցիները հարյուր հազարավոր տարիներ հաջողությամբ գոյատևել են Եվրասիայի դաժան պայմաններում, որսացել խոշոր կենդանիներ, ստեղծել գործիքներ, օգտագործել կրակ, զարդեր և, հավանաբար, խորհրդանշական արվեստ։

Հետազոտությունը աջակցում է մեկ այլ՝ ավելի ու ավելի տարածված վարկածի․ նեանդերթալցիները անհետացել են ոչ թե «հիմարության», այլ գլխավորապես ժողովրդագրության պատճառով։ Նրանց խմբերը սակավաթիվ և մեկուսացված էին, մինչդեռ Homo sapiens-ները աստիճանաբար ավելի բազմամարդ էին դառնում։ Արդյունքում տեղի էր ունենում պոպուլյացիաների խառնուրդ, և նեանդերթալցիները աստիճանաբար լուծվում էին ժամանակակից մարդկանց մեջ։ Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ Աֆրիկայից դուրս գտնվող գրեթե բոլոր ժամանակակից մարդիկ մինչ օրս կրում են նեանդերթալական ԴՆԹ-ի մոտ 1–2%-ը։

Միևնույն ժամանակ գիտնականները չեն կարծում, որ նեանդերթալցիների անհետացման մեկ ու միակ պատճառ է եղել։ Ավելի ու ավելի շատ տվյալներ մատնանշում են գործոնների բարդ համակցություն՝ կլիմայական ցնցումներ, թվաքանակի նվազում, ինբրիդինգ, ռեսուրսների համար մրցակցություն, հնարավոր հիվանդություններ և Homo sapiens-ի հետ աստիճանական ձուլում։

Որոշ խմբեր կարող էին վերանալ, մյուսները՝ խառնվել մարդկանց հետ, իսկ երրորդները՝ անհետանալ տեղային աղետների պատճառով։ Ինչպես նշել է մարդաբաններից մեկը, նեանդերթալցիները «չունեին մեկ միասնական ընդհանուր ճակատագիր»։