Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակին նվիրված շարադրությունների համադպրոցական մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա փետրվարի 25-ին: «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» թեմայով մրցույթը նախատեսված էր 7-12-րդ դասարանում սովորող աշակերտների համար, որոնք պետք է ներկայացնեին անգլերենով գրված շարադրություններ:
Մրցույթի հանձնաժողովը, որը կազմված է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ու «Dasaran.am» կրթական ծրագրի ներկայացուցիչներից, նախատեսել է բազմաթիվ նվերներ ու մրցանակներ: Այսպես, մրցույթին ներկայացված ավելի քան 1000 շարադրություններից գլխավոր մրցանակների կարժանանան երեքը («Ոսկե», «Արծաթե», «Բրոնզե» անվանակարգերում), ինչպես նաեւ մրցանակ կտրվի առցանց քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած աշխատանքի հեղինակին: Նախատեսվում է նաեւ խրախուսական մրցանակներ հանձնել 40-ից ավելի աշակերտների, որոնց շարադրությունները հայտնվել են լավագույնների ցուցակում:
Մրցույթին ներկայացված աշխատանքներն ունեցել են հետեւյալ խորագրերը.
• «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր»,
• «Դիքենսյան հերոսն ապրում է մեր հարեւանությամբ …»,
• «Ինչպիսին կլիներ Դիքենսի հերոսը սոցիալական ցանցում…»,
• «Գիտե՞ք, որ Դիքենսի հերոսը սովորում է մեր դպրոցում…»:
Մրցանակակիրները կպարգեւատրվեն notebook համակարգչով, Kindle Reader-ներով եւ DVD-նվագարկչով:
Մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես կգա Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:
Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, բազմաթիվ դպրոցների տնօրեններ եւ այլք:




























