Կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ բաց քվեարկությամբ խորհրդի նախագահ են ընտրել ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, քարտուղար՝ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Հովհաննիսյանին:

Նիստի ընթացքում խորհրդի անդամները 10 կողմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքով Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն են ընտրել Մարինե Հակոբյանին, ով մինչ այդ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Խորհուրդը հաստատել է նաեւ  Ուսուցման ազգային հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները:

Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ եւ նպատակ ունի նպաստել աշխատաշուկայում կադրերի մրցունակության բարձրացմանը` գործատուների աջակցությամբ կազմակերպելով վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթացներ:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են գործարար ոլորտի եւ հասարակական կազմակերպությունների` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի, Գործատուների եւ արդյունաբերողների միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի, ինչպես նաեւ շահագրգիռ  պետական կառույցների ներկայացուցիչներ: