Լոս Անջելոսում ավարտվել է «Օսկար» կինոմրցանակի 84-րդ մրցանակաբաշխությունը: Կինոակադեմիայի բարձր մրցանակը հանձնվեց 24 անվանակարգերում:
Արարողության գլխավոր հաղթող դարձան երկու ֆիլմեր` Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» եւ Միշել Խազանավիչուսի «Արտիստը»: Ֆիլմերից յուրաքանչյուրը հինգ ոսկե արձանիկ ստացավ, հաղորդում է «Վեստի FM»-ը:
Հիշեցնենք, տղամարդու լավագույն դերի համար մրցանակը շնորհվեց «Արտիստը» ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենին: Լավագույն ֆիլմ եւ լավագույն ռեժիսոր անվանակարգերում եւս հաղթեց «Արտիստը»: Ֆիլմը մրցանակ ստացավ նաեւ հագուստների լավագույն դիզայն եւ լավագույն երաժշտություն անվանակարգերում:
Օսկարյան մյուս ֆավորիտը`Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը», մրցանակներ ստացավ ձայնի, ձայնի մոնտաժավորման, օպերատորական աշխատանքի, գեղարվեստական ձեւավորման եւ տեսողական էֆեկտների համար:
«Կանացի լավագույն դեր» անվանակարգում հաղթեց Մերիլ Սթրիփը` «Երկաթյա տիկինը» ֆիլմում Մարգարեթ Թեթչերին մարմնավորելու համար:
Այս տարվա արարողությանը յուրօրինակ ռեկորդ սահմանվեց. Քրիսթոֆեր Փլամերը (82 տարեկան) դարձավ «Օսկար» ստացած ամենատարեց դերասանը:
«Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» անվանակարգում հաղթեց Օկտավիա Սփենսերը` «Սպասուհին» ֆիլմի դերի համար:
Լավագույն սցենար ճանաչվեց Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ռոմանտիկ կատակերգության սցենարը:
«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց իրանական Ասհար Ֆարհադիի «Նադիրի եւ Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը:




























