Ադրբեջանն Իսրայելի համար բարեկամ երկիր է, որը Ղազախստանի հետ մահմեդական աշխարհում Իսրայելի կարեւոր դաշնակիցն է համարվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց IzRus.co.il-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդենշտեյնը` մեկնաբանելով  մամուլի այն հրապարակումները, թե Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր եւ հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության  համակարգեր կստանա: Զրուցակցի խոսքով, Իսրայելն ընդհանուր առմամբ անօդաչու սարքեր է վաճառում աշխարհի շատ երկրների:

«Քանի որ ես Israel Aerospace Industries-ի (IAI) ղեկավարության անդամ չեմ, ոչ էլ ադրբեջանցի նախարար, տեղեկատվության արժանահավատությունը երաշխավորել չեմ կարող: Միաժամանակ, ՀՀՊ եւ ՀՕՊ-ը հարձակողական զենքեր չեն, իսկ անօդաչու սարքեր Իսրայելը վաճառում է շատ երկրների, մասնավորապես` Վրաստանաին: Այնպես որ զարմանալի ոչինչ չկա»,-նկատեց Գոլդենշտեյնը:

Ի պատասխան այն հարցի, թե ինչու են իսրայելցի մասնագետները, հակառակ իրենց սովորույթի,  որոշել ադրբեջանցիներին անօդաչու սարքերը կառավարել սովորեցնել, Գոլդենշտեյն ասաց. «Միամիտ կլինի ակնկալել, թե անօդաչու սարքերի օպերատորները կամ IAI-ի քաղաքացիական ինժեներները մնան Ադրբեջանում: Նման դեպքերում սովորեցնում են տեխնիկան օգտագործել եւ վերադառնում են»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր եւ հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության  համակարգեր կստանա (ՀՀՊ եւ ՀՕՊ)` 1,6 մլրդ դոլարով:  «Մաարիվ» թերթի տվյալներով` իսրայելցի մասնագետները ադրբեջանցի գործընկերներին նաեւ այդ սարքավորումների հետ աշխատել կսովորեցնեն:

Իսրայական ռազմական աղբյուրները հաստատում են գործարքի փաստը: Որոշ փորձագետներ նշում են, որ նման խոշոր համաձայնագրերը արդեն երկար ժամանակ է նախապատրաստվում են եւ, որպես կանոն, ընթացիկ իրավիճակի հետ անմիջականորեն կապված չեն: Մասնավորապես, նման կարծիք է հայտնել «Մոսսադ» Արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար Դանի Յաատոմը:

Բայց կա նաեւ այլ կարծիք. այսպես, համաձայն AP-ի` տվյալ համաձայնագիրը կնքվել է այն ժամանակ, երբ Իրանի կողմից հրեական պետության նկատմամբ սպառնալիքը աճել է:  Իսրայելյան իիշխանությունները փորձում են  այաթոլլահների վարչակարգի հակառակորդների դիվանագիտական դաշինք ձեւավորել, գրում է NEWSru.co.il-ը: