Նախընտրական շրջանում արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի շուրջ ընդդիմությունը շոու է անում: Այդ մասին ասել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով կառավարության կողմից օրինագիծը հետ կանչելու եւ մեկ օր անց խորհրդարան վերադարձնելու փաստը:
Հայաստանի կառավարությունը օրեր առաջ ետ էր կանչել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» աղմկահարույց օրինագիծը` լրամշակելու նպատակով, ընդամենը մեկ օրում լրամշակել եւ կրկին ներկայացրել խորհրդարանի դատին: Ազգային ժողովը փետրվարի 27-ին կայացած նիստում որոշում է կայացրել նախագիծը քննարկել արագացված ռեժիմով եւ ընդամենը 48 ժամում կազմակերպել օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ ընթերցումներն ու քվեարկությունները:
Ըստ Սահակյանի, կառավարությունը լրամշակված տարբերակով ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որ փաթեթը ամբողջական լինի, փոփոխություներ մտցվեն նաեւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը օրինագիծը գնահատում է որպես բանակը ժողովրդի դեմ օգտագործելու լծակ, պատգամավորը պատասխանել է. «Նման բան չկա, սա ընդամենը նախընտրական ժամանակահատվածի այն օրենքների շարքին է դասվում, որոնց շուրջ ընդդիմությունը փորձում է շոու սարքել: Բանակի ներգրավվածությունը սահմանվում է սահմանադրությամբ, եւ օրենքով տրվում են արտակարգ դրության դեպքում կոնկրետ սահմանափակումներ, թե որ պետական մարմինը ինչ լիազորություններ ունի արտակարգ դրության դեպքում: Բանակի ներգրավվածության որեւէ խնդիր չկա, նշվում է, թե ոստիկանությունն ու ներքին զորքերը ինչ պիտի անեն»:
Հարցին, թե ինչու է իշխանությունը շտապողականություն դրսեւորում օրենք ընդունելու հարցում եւ արդյոք դա կասկածելի չէ, պատգամավորը պատասխանեց. «Ոչ: Նախագիծը բավական լուրջ քննարկման փուլ է անցել: Ընդամենը լրամշակման համար է ետ կանչվել, ըստ էության նախագիծը քննարկված է եւ շտապողականության խնդիր չկա»:
Հնարավոր է, որ արտակարգ դրության դեպքում բանակն ուժ կիրառի ժողովրդի վրա, հարցին էլ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Բանակը չի կարող կրակել կամ մասնակցել որեւէ գործընթացների, նրա մասնակցության տեղը, չափը, ձեւը սահմանափակված է օրենքով»:




























