Հայաստանի կառավարությունն օրեր առաջ հետ էր կանչել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» աղմկահարույց օրինագիծը` լրամշակելու նպատակով, ընդամենը մեկ օրում լրամշակել եւ կրկին ներկայացրել խորհրդարանի դատին: Ազգային ժողովը փետրվարի 27-ին կայացած նիստում որոշում է կայացրել նախագիծը քննարկել արագացված ռեժիմով եւ ընդամենը 48 ժամում կազմակերպել օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ ընթերցումներն ու քվեարկությունները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Այն, որ նման օրենք պետք է ընդունել, կասկած չկա, եւ տվյալ պարագայում անհասկանալի է, որ տարիներ շարունակ այն օրակարգում կախվեց, երբեւէ շահագրգռություն չցուցաբերվեց այն քննարկելու եւ հիմա` նախընտրական շրջանում ուղղակի ափալ-թափալ բերել եւ փորձում են հապճեպ ռեժիմով ընդունել տալ»:
Ըստ պատգամավորի, պատճառը հստակ է: «Չեն ցանկանում, որ ժամանակ անցնի, որովհետեւ ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ ամենատարբեր դժգոհություններ, այս պահին հասարակության բոլոր շերտերը չէ, որ տեղյակ են, եւ բոլոր շերտերը չէ, որ գիտակցում են օրենքի անթույլատրելի դրույթները: Որպեսզի մեծ դիմադրության չարժանանա, որոշել են ուղղակի անցկացնել օրինագիծը»,- նշեց պատգամավորը: Սաֆարյանի խոսքով, ՀՀ Սահմանադրությունը կտրականապես արգելում է զինված ուժերի օգտագործումը ներքաղաքական կյանքում:
«Այնինչ արտակարգ դրությունը, որ տարբերվում է ռազմական դրությունից, կարող է պատճառված լինել նաեւ քաղաքական գործընթացներով, ինչպես մենք տեսանք 2008թ. մարտի 1-ին: Հետեւապես նման իրավիճակներում խոսել բանակի ներգրավվածության մասին, նշանակում է գործել բացահայտ ընդդեմ Սահմանադրության իմպերատիվ դրույթի»,- արձանագրեց Սաֆարյանը` հավելելով, որ իշխանությունները, քանի որ սրա դեմ լուրջ հակափաստարկ չունեն, սկսել են յուրովի մեկնաբանել Սահմանադրության դրույթը` նշելով, որ զինված ուժերը կարող են օգտագործվել ՀՀ ազգային անվտանգության, սահմանադրական կարգին, տարածքային անձեռնմխելիության սպառնացող վտանգների դեպքում, եւ փորձում են մեկնաբանել, թե վտանգը կարող է լինել ներքին եւ անկախ ծագումից դառնալ բանակի ներգրավման առարկա:
Բայց սա գործադիրի կամայական մեկնաբանությունն է, որը ավելի շատ հարմարեցված է օրվա իշխանության ցանկություններին, քանի որ բանակի ներգրավվածությունը նշանակում է լուրջ ճնշում հասարակության վրա»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց, որ փորձ է արվում իսպառ զրոյացնել նաեւ խորհրդարանի ազդեցությունը արտակարգ դրության ռեժիմ մտցնելու ժամանակ:




























