Հայաստանի Մտավոր սեփականության գործակալությանը 2011 թ. ընթացքում ներկայացվել են 140 գյուտի եւ 48 օգտակար մոդելի հայտ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
2010 թ. համեմատ ներկայացվող գյուտերի թիվը նվազել է 2-ով, սակայն օգտակար մոդուլներինն ավելացել է 3-ով:
Նշենք, որ ըստ օրենքի` գյուտը պետք է պարունակի տեխնիկական լուծում, իսկ օգտակար մոդուլի դեպքում դա պարտադիր չէ:
Ներկայացված գյուտերի քանակով ռեկորդը սահմանվել է հեռավոր 1996 թ.` 309: Սակայն 90 –ական թվականների սկզբներին գյուտերի հայտատուների մեջ մեծ թիվ են կազմել օտարերկրացիները: Մասնավորապես` այդ նույն 1996 թ. գյուտերի միայն կեսն է ներկայացվել տեղացի հայտատուների կողմից: Սկսած 1997 թ.` եւ օտարերկրյա, եւ ազգային հայտատուների թիվը սկսել է կտրուկ նվազել, կապված հիմնականում արտոնագրման ժամկետների ձգձգման հետ: Մասնավորապես` 1996 թ. օտարերկրացիների կողմից ներկայացված 154 հայտերից միայն 1-ին է արտոնագիր տրվել:
2000-ական թվականներին ազգային հայտատուներն ավելացրել են հայտերի թիվը, սակայն օտարերկրացիների առումով էական շարժ չկա: Վերջին տարիներին օտարեկրացիները Հայաստանի մտավոր սեփականության գործակալություն են ներկայացնում տարեկան 5-10 գյուտ:
Ազգային հայտատուներեւի կողմից ներկայացված գյուտերի առավելագույն քանակը 2008 թ. էր` 226: Ճգնաժամի ազդեցությամբ գյուտերի հայտերը կտրուկ նվազել է եւ 2009 թ. կազմել 116:




























