Աստրախանում 9-հարկանի փլուզված շենքի փլատակների տակ փրկարարներն այս պահին երեք զոհվածների մարմիններ են հայտնաբերել:
Վերջին տվյալներով`12 մարդ տուժել է, նրանց թվում կան երեխաներ: Յոթ մարդ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, մնացածներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Եւս տասը մարդու ճակատագիրն անհայտ է. Նրանք անհետ կորած են համարվում:
Հիշեցնենք, փետրվարի 27-ին Աստրախանում փլվել է 9-հարկանի բնակելի շենքի ամբողջ մուտքը: Նախնական տվյալներով` շենքում պայթել է կենցաղային գազը: Սակայն ԱԴԾ-ն դիտարկում է նաեւ ահաբեկչության հավանականությունը: Որոշ փորձագետներ կարծում են, որ կենցաղային գազի պայթյունը չի կարող այդքան լուրջ ավերածությունների հանգեցնել. մուտքը փլվելու համար մեկ ցիստեռն գազ պետք է պայթեր:
Հիմնական վարկածը երրորդ հարկում բնակվող տղամարդն է, որը պարբերաբար փորձել է ինքնասպան լինել` բացելով գազի ծորանները: Ինքնասպանության վերջին փորձն ըստ երեւույթին հաջողվել է:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նախքան դեպքերի քննության ավարտը աշխատանքից ազատել Աստրախանի գազային ցանցը վերահսկելու համար պատասխանատու անձանց եւ առողջապահության ու սոցզարգացման եւ ֆինանսների նախարարությունից պահանջել է տուժած բնակիչների համար փոխհատուցման գումար պատրաստել, գրում է utro.ru-ն:



























