Թերթը գրում է, որ շաբաթ օրը ՀԱԿ-ի իսթաբլիշմենթը կրկին հավաքվել էր, որպեսզի վերջնականապես որոշի` համամասնական ցուցակն ինչպիսին է լինելու:
«Հավաքին հրովարտակվել է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը. ամեն տասնյակում չորս ներկայացուցիչ ինքն է առաջարկում, մնացած վեցը` կուսակցությունները: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը կտրականապես դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը եւ առաջարկել սեփական տարբերակը. այն է`Տեր- Պետրոսյանն ամեն տասնյակում ոչ թե չորս, այլ երեք հոգի է առաջարկում:
Բավականին «կրքոտ» վիճաբանության արդյունքում այդպես էլ համաձայնություն չի կայացել (հույս ունեին երկուշաբթի համաձայնության գալ):
Ի դեպ, քննարկումներին չի մասնակցում «Հանրապետություն» կուսակցության որեւէ ներկայացուցիչ:
Իսկ Ստեփան Դեմիրճյանի նման կտրուկ պահվածքը փորձագետները բացատրում են ոչ այնքան այդ մեկ հոգու (ընդ որում,շատերն են այսօր պնդում, որ այսպես շարունակվելու դեպքում ՀԱԿ-ը հազիվ կարողանա տասը տեղ ունենալ ապագա պառլամենտում), որքան ուրույն, «Հանրապետություն» կուսակցությունից փոքր-ինչ տարբերվող դեմարշով` կոնգրեսում տիրող անընդունելի բարքերի, անքնիշխանության դեմ»,- գրում է «Իրատես de facto»-ն:




























