Հայաստանի կառավարությունը կլիազորի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը`Հայաստանի հանրապետության անունից  լուծարել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ հավատարմագրային կառավարման պայմանագիրը: Հարցը ներառված է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում:

Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած հիմնավորման` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն ինքն է դիմել ՀՀ կառավարությանը` հավատարմագրային կառավարման պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու խնդրանքով:

Նշենք, որ Հայկական ատոմակայանը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը հավատարմագրային կառավարման է հանձնվել 2003 թ.` 5 տարի ժամկետով, իսկ 2008 թ. այդ ժամկետը երկարաձգվել է եւս 5 տարով` մինչեւ 2013 թ.: 2011 թ. հունիսին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի նորանշանակ նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարեց, որ ցանկանում է Հայկական ատոմակայանի հետ կառավարման նոր պայմանագիր կնքել, իսկ այնուհետեւ հայտարարեց պայմանագիրը լուծարելու ցանկության մասին:

Այդ հայտարարություններից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը հայտարարեց, որ Հայաստանը ատոմակայանի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր չի կնքի: