ԱՄՆ-ի ամենաերջանիկ նահանգը Հավայան կղզիներն է: Այդպիսին են «Գելափ» հեղինակավոր ընկերության սոցհարցման արդյունքները:
Ամերիկացիները հարցման ընթացքում իրենց հարազատ նահանգը գնահատել են մի քանի ցուցանիշներով` ներառյալ առաջիկա 5 տարվա համար կանխատեսումները: Նրանք պատասխանել են կենսամակարդակի, հոգեվիճակի, առողջության եւ աշխատանքի պայմանների, հանգստի հնարավորությունների մասին հարցերի:
Ըստ այդ բոլոր ցուցանիշների` կղզիներն ամենաշատ միավորներն են հավաքել` դառնալով ամերիկացիների ամենաերջանիկ նահանգը: Մեծամասնությունը նշել է, որ հենց Հավայան կղզիներում են իրենք շատ ժպտացել եւ ծիծաղել: Հաղթողից մի փոքր հետ է մնացել Հյուսիսային Դակոտա նահանգը: Երրորդ տեղում է հայտնվել Մինեսոթան:
Ինչպես ցույց է տվել հարցումը, իրենց կյանքով ամենաշատը բավարարված են երկրի Արեւմուտքում եւ Միջին Արեւմուտքում ապրող ամերիկացիները: Երջանիկ նահանգների տասնյակ են մտել նաեւ Յուտա, Քոլորադո, Քանզաս, Նեբրասկա, Նյու Հեմփշիր, Մոնտանա, սառը եւ ձյունոտ Ալյասկա նահանգները:
Ամենից շատ իրենց կյանքից դժգոհ են հարավային նահանգների բնակիչները. վերջին տասնյակում են հայտնվել Միսիսիպին, Ալաբաման, Միսուրին, Թենեսին, Ֆլորիդան եւ Արեւմտյան Վիրջինիան: Հարցմանը մասնակցել են ավելի քան 350 հազար մեծահասակ ամերիկացիներ երկրի բոլոր 50 նահանգներից, հայտնում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը:




























