Ունեւոր մարդիկ ավելի հաճախ են անքաղաքավարի արարքներ թույլ տալիս, քան աղքատները, ապացուցել են ԱՄՆ-ի եւ Կանադայի գիտնականնրը: Բերքլիի եւ Տորոնտոյի համալսարանների հոգեբանները յոթ մանրամասն նախապատրաստված սոցիոլոգիական փորձարկումներ են կատարել, որոնք ապացուցել են բոլորին հայտնի ժողովրդական իմաստությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences  ամսագրում, որը հայտնի է հանրության մեջ բուռն հետաքրքրություն առաջացնող սոցիալ-հոգեբանական հետազոտությունների նկատմամբ ունեցած զգուշավոր վերաբերմունքով, գրում է newsru.com-ը:

Հարուստների ագահության ամենաբացահայտ դրսեւորումը կոնֆետներով կատարված փորձն է եղել: Հարուստները հարեւան սենյակում գտնվող երեխաների համար նախատեսված կոնֆետի տուփերից կրկնակի չափով ավելի քաղցրավենիք են վերցրել, քան նվազ ունեւորները:

Գիտնականները նաեւ պարզել են, որ մարդկանց քաղաքավարության մակարդակը նվազում է նույնիսկ այն դեպքում, երբ նրանց առաջարկում են իրենց պատկերացնել ավելի հարուստ եւ հաջողակ մարդկանց դերում: Երեւակայության ուժը բավական է եղել, օրինակ, փողը ավելի ջանասիրաբար թաքցնելու համար, այն դեպքում, երբ սրճարանի մատուցողը հաշվի մնացորդը սխալմամբ  ավելցուկով է բերել:

Հետազոտության արդյունքները մեկնաբանելով` հեղինակները հավաստիացրել են, որ մեծ հնարավորությունների տեր հարուստ  անձինք ավելի անկախ են հասարակության մնացած անդամներից, այդ պատճառով նրանց ավելի քիչ է մտահոգում շրջապատի կարծիքը իրենց գործողությունների վերաբերյալ:

«Լրացուցիչ եկամուտներ ստանալու եւ հանրության մեջ իր նշանակությունը մեծացնելու նպատակով  անքաղաքավարի պահվածքը կարող է այն «հավերժական շարժիչը» դառնալ, որը գնալով ավելի է մեծացնում հարուստների եւ աղքատների եկամուտների անհավասարությունը», - կարծում են սոցիոլոգները: