Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուց հետո Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները իրար հերթ չեն տալիս մեկնաբանելու այդ որոշումը:

Վերջին շրջանում իր հակահայկական հայտարարություններով հանդես եկող Թուրքիայի` ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, թե Ֆրանսիայի որոշումը ուրախացնող է` շեշտելով, թե 1915-ի ուսումնասիրման համար պետք է աշխարհի երկրները բացեն արխիվները:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչն այս որոշումը մեկնաբանել է Twitter-ի միջոցով` շեշտելով, թե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը լավ դաս տվեց ֆրանսիացի քաղաքական գործիչներին:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ֆրանսիան եվրոպական արժեքներին հարիր որոշում ընդունեց` նշելով, թե շնորհավորում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին նման որոշում ընդունելու համար: Դավութօղլուն նշել է, թե չի կարծում, թե նմանատիպ նոր նախագիծ կներկայացվի Ֆրանսիայի խորհրդարան:

Նշենք, որ փետրվարի 28-ին  Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է նոր օրինագիծ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը: