«Նովայա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը պատվիրողների կասկածյալների շարքում փախստական օլիգարխ Բորիս Բերեզովսկիի կողքին հայտնվել է Պուտինի եւս մեկ թշնամի` չեչեն գրոհայինների նախկին ներկայացուցիչ Ահմեդ Զաքաեւը, ով եւս ապաստանել է Լոնդոնում: Նրանց անուններն իր ցուցմունքներում նշել է գործի մասնակիցներից մեկը` Մոսկվայի ՆԳ ԳՎ օպերատիվ-որոնողական վարչության նախկին պետ Դմիտրի Պավլյուչենկովը, որը գործարքի մեջ է մտել հետաքննության հետ:

Ճիշտ է, ինքն անձամբ նրանց պատվիրատու լինելու մասին փաստեր չունի, բայց այդ մասին լսել է գործում ներգրավված այլ անձանցից, այդ թվում` չեչեն «հեղինակություն» Լոմ Ալի Գայտուկաեւից, որը համարվում է հանցագործության կազմակերպիչը, գրում է «Կոմերսանտը»: Նրա տեղեկության համաձայն` Պոլիտկովսկայայի սպանությունը պայմանավորված է Լոնդոնում Բերեզովսկիի եւ Զաքաեւի` լրագրողի հետ ունեցած հակասությամբ: Հակասության պատճառն անհայտ է, քանի որ Գայտուկաեւը չի հայտնել բոլոր մանրամասները:

Սակայն առանցքային անձի ցուցմունքներին չի հավատում ոչ  «Նովայա գազետա» թերթի ղեկավարությունը, ոչ Պոլիտկովսկայայի երեխաների փաստաբանը: Նրանք վստահ են, որ Պավլյուչենկովը հետաքննությանն ասում է այն, ինչ ակնկալում են նրանից` հուսլով մեղմ դատավճիռ ստանալ: Թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Սոկոլովը հաստատել է, որ լրագրողուհին իր աշխատանքի բերումով շփվել է Բերեզովսկիի հետ, իսկ Զաքաեւի հետ անգամ ընկերներ են եղել:

«Նովայա գազետա» թերթի տեսաբան Աննա  Պոլիտկովսկայան սպանվել է 2006թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայի Լեսնայա փողոցի շենքերից մեկի շքամուտքում` տուն վերադառնալիս: Վարձու մարդասպանը հինգ անգամ կրակել է լրագրողի վրա: Սպանության հիմնական դրդապատճառը, ըստ հետաքննության, զոհվածի մասնագիտությունն է եղել:

Աննա Պոլիտկովսկայայի սպանության այժմյան հետաքննությունն արդեն երկրորդն է: Ներկայումս Պոլիտկովսկայայի սպանութայն հանցակցության մեղադրանք է ներկայացվել ոստիկանության նախկին աշխատակից Սերգեյ Հաջիղուրբանովին եւ Իբրահիմ Մահմուդովին: Առանձին գործ է հարուցվել Ռուստամ Մահմուդովի նկատմամբ, որը մեղադրվում է հանցագործության անմիջական կատարման մեջ:  Նա հետախուզման մեջ էր գտնվում 1997 թվականից: Նախորդ տարվա մայիսի 31-ին նրան ձերբակալել են Չեչնիայում` բարեկամների տանը:

Այժմյան եւ նախկին վարկածներն իրարից տարբերվում են մանրամասներով. ավելի վաղ հանցագործության կազմակերպիչ էին անվանում  Պավլյուչենկովին, իսկ նոր վարկածով Լոմ Ալի Գայտուկաեւն է, որը պատվերն ստացել է «անհայտ անձի կողմից» - դեռեւս այդպես է ասվում պաշտոնական փաստաթղթերում, գրում է versii.com-ը: