100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներն անպտուղ զբաղմունք են: Այսօր` փետրվարի 29-ին, մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ԵՊՀ քաղաքական գործընթացների ու քաղաքական ինստիտուտների ամբիոնի վարիչ Քարիկ Քեռյանը:
«Խնդիրը ոչ թե ընտրակարգի մեջ է, այլ` ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ապահովելու մեխանիզմների»,-նշեց քաղաքագետը, միաժամանակ տարօրինակ համարելով այն հանգամանքը, որ ընդդիմությունը քննարկում է ոչ թե այդ մեխանիզմների ապահովման հարցը, այլ` ընտրակարգը: «Եթե չկան այդ մեխանիզմները, կարեւոր չէ, թե որ ընտրակարգն է գործում` համամասնական, թե` մեծամասնական»,-նշեց նա, հավելելով, որ հասարակության մեջ խորանում է անվստահությունն ընտրությունների նկատմամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովն այսօր` փետրվարի 29-ին, քվեարկությամբ մերժել է «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնած օրինագիծը` հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: NEWS.am-ի թղթակիցը Ազգային ժողովից հայտնում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 30 պատգամավոր, որոնց թվում էին «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ: Օրինագծին դեմ է քվեարկել 56 պատգամավոր, իսկ ձեռնպահ` չորս:




























