Հայաստանի Ազգային Ժողովը այսօր` մարտի 1-ին կայացած նիստում, հարգել է 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ի խոսքում նշել է, թե այսօր լրանում է ողբերգական այդ իրադարձությունների 4-րդ տարելիցը եւ կոչ արել մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Նշենք, որ ուղիղ չորս տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ: Մարտի մեկի երեկոյան ժամը 21-ի սահմաններում իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայող: Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ:

Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ  Համլետ Թադեւոսյանը: