Կարեւոր չէ, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքն ինչ է սահմանում բանակի համար, կարեւոր է, թե ինչպես այն կընդունի հասարակությունը: Այս մասին այսօր` մարտի 1-ին, մամուլի ասուլիսում նշեց ԿԲ նախկին ղեկավար, ՀԱԿ-ի անդամ Բագրատ Ասատրյանը, մեկնաբանելով այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված այդ օրինագիծը:
Կառավարության ներկայացրած այս օրինագիծը լուրջ հակազդեցության է արժանացել հասարակության մի հատվածի եւ ընդդիմության կողմից, քանի որ օրենքը թույլ է տալիս բանակն օգտագործել երկրի ներսում` արտակարգ դրության պայմաններում:
Բագրատ Ասատրյանը կարծիք հայտնեց, որ հասարակության գիտակցության մեջ փաստարկները, թե բանակը կարող է օգտագործվել միայն ոստիկանության համար նախատեսված կարգով, համոզիչ չեն, որի պատճառը եւ 2008-ի մարտի 1-ի դեպքերն են եւ հասարակությունում այդ օրենքի նկատմամբ հասարակության մեջ վստահության եւ հեղինակության պակասը:
«Կարող է ընդունվել ամենալավ օրենքը, բայց հասարակությունը, միեւնույն է, այն անվստահությամբ է ընդունելու, հատկապես հաշվի առնելով, թե ինչ օր է այն ընդունվում»,-հայտարարեց Ասատրյանը:
Նրա խոսքով, նմանատիպ կասկածները ՀՀԿ-ն կարող է ցրել արդեն հիմա, հրապարակավ հայտարարելով, որ ուժ չի կիրառելու եւ չի զբաղվելու ընտրակաշառքներ բաժանելով: «Հրապարակավ խոստացեք այդ մասին, եթե այդքան համարձակություն ունեք»,-հավելեց ՀԱԿ անդամը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























