Հայաստանի Ազգային ժողովում քննարկումներ են կայացել էթիկայի խորհրդարանական հանձնաժողովի վերաբերյալ: «Ազգային ժողովի կանոնադրության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները, որոնք առաջարկվել էին իշխող կոալիցիայի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից, կարգավորում են պատգամավորի անձնական եւ ծառայողական շահերի հետ կապված հակադրությունները:
Համաձայն օրինագծի` պատգամավոր ընտրված գործարարը պարտավոր է 30 օրվա ընթացքում կամ վաճառել ակտիվները, կամ դրանք հանձնել վստահելի կառավարման: Շահերի պոտենցիալ հակադրություն ծագելու դեպքում (օրինակ` քվեարկելիս) պատգամավորը պետք է հրապարակայնորեն հայտարարի այդ մասին եւ հրաժարվի քվեարկությունից:
«Շահերի հակադրություն» հասկացությունը վերաբերում է պատգամավորի կամ նրա հետ կապված անձանց գույքային դիրքի բարելավմանը: Նրանց շրջանակը բավականին լայն է` պատգամավորի կամ նրա կնոջ/ամուսնու` մինչեւ 2-րդ կարգի ազգականներ:
Շահերի հակադրությունը չի տարածվում քաղաքացիների մեծ խմբերի վրա ազդեցություն ունեցող օրինագծերի քվեարկման վրա:
Շահերի հակադրության, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային ընդհանուր առմամբ կհետեւի էթիկայի գծով պատգամավորական հանձնաժողովը, որի կազմում կընդգրկվեն ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր կուսակցությունների հավասար թվով անդամներ: Հանձնաժողովի նախագահներ ամեն 6 ամիսը մեկ կնշանակվեն իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները:
Էթիկայի հանձնաժողովը լայն հասանելիություն կունենա պատգամավորների տվյալների, այդ թվում նաեւ պետական եւ կոմերցիոն գաղտնիք համարվող տվյալների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով:
Ցանկացած քաղաքացի կարող է էթիկայի եւ շահերի հակադրության խախտումների վերաբերյալ դիմում ներկայացնել հանձնաժողովին:




























