Հեռուստառադիոպետվարչության նախկին ղեկավար, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը ազատության մեջ է: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նրա խափանման միջոցը փոխվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հեռուստառադիոպետվարչության նախկին ղեկավար, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը հունվարի 14-ից կալանքի տակ է: Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Յուրացումը կամ վատնումը): Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, ով այժմ հետախուզման մեջ է:

Գործը քննում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, եւ, նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում:

Մինչեւ ըստ մամուլի հրապարակումների, խոսք է գնում առանձնապես խոշոր չափերի գումարի մասին: «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը Լոռիի մարզում գյուղատնտեսական եւ անասնապահական գործունեություն են ծավալել՝ ֆերմա են ստեղծել, իսկ ռուսաստանաբնակ գործարարներից մեկը՝ Գոռ անունով, ֆինանսավորել էր այն:

Բիզնեսն անհաջող ընթացք է ունեցել եւ ի վերջո գործարարը դիմել է դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով 500 հազար դոլարից ավելի յուրացման կամ մսխման մասին: Ընդ որում՝ Տիգրան Հակոբյանին մեղսագրվող գումարը նշվածի 10 տոկոսից պակաս մասն է, մնացած գումարը մեղսագրվում է Վահան Մուսինյանին, սակայն ՍՊԸ տնօրենը եղել է Հակոբյանը:

Հակոբյանը թեեւ վերջին շրջանում առանձնապես ակտիվ չէր, սակայն համարվում է նախկին իշխանության ներկայացուցիչ եւ Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած անձնավորություն: