Պետական կառավարման մարմինները, իսկ տեղական ինքնակառավարումից` Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետարանները պետք է օպերատիվ կարգով  հրապարակեն բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների դրամական հոսքերի մասին տեղեկություններ:  Համապատասխան առաջարկություն է առկա «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխության նախագծում, որը ներկայացրել են ՀՅԴ կուսակցության պատգամավորները:

Պահանջը չի տարածվում պաշտպանության նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ (այժմյան նախնական տարբերակում) Հայաստանի ոստիկանության վրա: Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետարաններն ընտրվել են այդ քաղաքների մեծությունից ելնելով, ինչպես նաեւ նրանից, որ փոքր քաղաքների վարչակազմերին դժվար կլինի ունենալ եւ թարմացնել իրենց համացանցային կայքերը:

Օրինագիծը ներկայացնող դաշնակցական  պատգամավոր Արա Նռանյանը մեկնաբանել է, որ այդ նույն տեղեկությունը համակարգված ձեւով հանրությանը ներկայացվում է տարեկան հաշվետվությունների տեսքով: Սակայն ընթացիկ ֆինանսական գործողությունների նկատմամբ ազատ մուտքը կբարձրացնի հանրության վստահությունը պետական ապարատի նկատմամբ: «Օրինագիծը կազմվում է ավելի շատ այդ վստահությունը բարձրացնելու համար, քան թե պետական մարմինների առերեսման: Այս դեպքում քաղաքացին կարող է տեսնել, թե ինչպես է պետությունը ծախսում հարկերը, որոնք նա վճարում է», – հայտարարել է Արա Նռանյանը: