Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեր երկրում կրթամակարդակը բարձացնելու իր փորձերը սկսել է նախ հայաստանյան բուհերում արտասահմանցիների համար իրականացվող անգլալեզու կրթությունից։ Եւ քանի որ արտասահմանցիները հիմնականում սովորում են Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ու «Հայբուսակ» ոչ պետական բուհում, պարոն նախարարը սկսել է մասնավորից։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Հայբուսակում» բավարար չեն անգլալեզու կրթության համար իրականացվող պայմանները։ Հետեւաբար որոշում է ընդունվել առայժմ կասեցնել դասընթացները, մինչեւ շտկվեն այդ թերությունները։ Մինչ այդ նշենք, որ լուրեր են տարածվել, թե այս երկու բուհերի ռեկտորները լուրջ տարաձայնություններ ունեն, որը բացատրվում է միմյանցից արտասահմանցի ուսանող փախցնելու հանգամանքով։ NEWS.am-ի թղթակիցը Աշոտյանի քայլերի եւ ռեկտորների տարաձայնությունների թեմայի շուրջ զրուցել է «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանի հետ։

Տիկին Հարությունյան, երբվանի՞ց եք իրականացնում անգլալեզու կրթություն։

Երեք տարի է, որ մենք անգլալեզու կրթություն ենք իրականացնում բուժական գործ մասնագիտությամբ, իհարկե՝ արտասահմանցիների համար։ Դա այն գործունեության տեսակն է, որ լիցենզավորում չի պահանջում, այսինքն` թույլտվության խնդիր չկա, նախարարությունը իր հայեցողությամբ կարող է արգելք դնել` տեսնելով, որ կան անբավարար պայմաններ։

Պարոն Աշոտյանը նշել է անբավարար պայմանները, որոնցից մեկն էլ կապված է պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Արդեն տաս տարուց ավել է բժշկական համալսարանը իրականացնում է անգլալեզու կրթությունը եւ որեւէ թույլտվություն չի անցել, դա մեզ հայտնի է։ Նախարարության այն վարչությունը, որ քննարկել է երեք դասախոսների հարցը ու հայտնել բացասական կարծիք՝ իբրեւ չեն համապատասխանում չափանիշներին, հենց այդ դասախոսները 10 տարուց ավել անգլերեն լեզվով դասավանդել են պետական բժշկական համալսարանում։

Եթե բուհը չկարողանա որակյալ կրթություն տալ, այն էլ արտասահմանցիներին, մի տարի երկու տարի հետո արտասահմանցի չի լինի բուհում, որովհետեւ լավագույն գովազդը կամ հակագովազդը շրջանավարտն է։ Ի դեպ, արտասահմանցիների ավարտական քննությունը լինում է նախարարության հրամանով կազմված հանձնաժողովով։ 10 հոգուց կազմված հանձնաժողով է ստեղծվում, որին մեր բուհից ոչ ոք ներկա չի լինում եւ անցկացնում են քննությունը։

Այսինքն՝ «Հայբուսակի» եւ բժշկական համալսարանի արտասահմանցի ուսանողները նույն պահանջներո՞վ են հանձնում քննություն։

Ոչ, մերը ավելի խստացված է, որովհետեւ բոլորը ընդունվում են նույն ձեւով, իսկ ավարտական քննության ժամանակ մեր հաձնաժողովում բոլորը դրսից են հրավիրվում, իսկ բժշկականի հանձնաժողովում միայն նախագահն է դրսից հրավիրված լինում, ինչը խոսում է անհավասար պայմանների մասին։

Մեր արտասահմանցի դիմորդների թիվը գնալով աճում է։ Երեք տարի առաջ նախարարի հրամանով 49 հոգի տեղափոխվեցին մեր բուհ։ Ավելին, Իրանը պաշտոնապես մերժել է բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմները անցյալ տարվանից։ Եթե հարցնեք նախարարից, ինքը կասի, որ մասնավոր բուհերը անորակ են աշխատում, բայց մենք դեռ Իրան ոչ մի շրջանավարտ չենք ուղարկել։ Մեր դիպլոմը Իրանում դեռ ընդհանրապես հաստատված էլ չի։ Իրանը այն երկիրն է, որտեղ բժշկական համալսարանի դիպլոմը պիտի հավատարմագրվի, նոր ընդունվի։

Տիկին Հարությունյան, այնուամենայնիվ, ինչո՞վ կբացատրեք նախարարի քայլերը, երբ Ձեզ մոտ եւ բժշկականում, ինչպես դուք եք ասում, նույն դասախոսական կազմն է կամ նույն խստությունն ու պահանջներն են։

Ավելի լավ մասնագետներ էին ընդգրկված այդ գործում, շատ մասնագետներ կան գիտահետազոտական կենտրոններում, խոշոր կլինիկաներում, ովքեր ունեն արտասահմանում աշխատելու մեծ փորձ, այսինքն՝ լեզվին տիրապետում են բացարձակապես, բայց բժշկականի դասախոսներ չեն, այդ ազատ մասն էլ հիմա մեզ մոտ է։ Այսինքն՝այդ քայլի վերաբերյալ իմ գնահատականն այն է, որ բավականին պակասել է արտասահմանցի ուսանողների հոսքը պետական բժշկական համալսարան։ Քանի որ Իրանը այս տարի պաշտոնապես մերժեց իրանցի շրջնավարտների բժշկականի դիպլոմները, ես կարծում եմ, որ այդ պատճառով աճեց մեր նկատմամբ ճնշումը, որը ճնշում չէի համարի, ավելի ճիշտ՝ բամբասանք ու հերյուրանք։

Եթե դադարեցվի կրթությունը, ի՞նչ են անելու Ձեր բուհի արտասահմացի ուսանողները։

Նախարարի հրամանով այս կիսամյակը նրանք կարող են մեզ մոտ ավարտել եւ երկրորդ կիսամյակից տեղափոխվել բժշկական համալսարան, մենք նորից դիմել ենք նախարարին` խնդրելով վերանայել նշված թերությունները, որոնք մեկ օրում են վերացվել։ Բայց ես հուսով եմ, որ մենք դրական պատասխան կստանանք, մեր ուսանողներն էլ որեւէ բուհ չեն գնա, առավել եւս այնտեղ, որտեղից եկել են, կվերդառնան իրենց երկիր ու չեն գնա ուրիշ բուհ։ Մենք թույլ չենք տա մեր նկատմամբ անարդար վերաբերմունք։ Պայքարելու այնքա՜ն ձեւեր կան՝ մեր ուզածին հասնելու համար։

Տիկին Հարությունյան, ինչո՞վ են պայմանավորված Ձեր եւ տիկին Քյալյանի միջեւ տարաձայնությունները։

Մենք անձնապես ոչ մի խնդիր չունենք։ Յուրաքանչյուրս իր գործն է կատարում։

Ի դեպ վերջին տարիներին մեր ամբիոնը համալրվեց բարձրակարգ կադրերով, առանց հետին մտքերի պիտի ասեմ, որ այդ դասախոսները նրանք էին, ովքեր հեռացվեցին բժշկական համալսարանից։