Վաշինգտոնի նահանգի Թահոմա քաղաքի` ռազմաբազայից ոչ հեռու տեղակայված սրճարաններից մեկում առավոտյան չորս ոստիկան է սպանվել: Ինչպես հայտնում է BBC Russia-ն, սպանությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ոստիկաններն աշխատելիս են եղել համակարգիչների դիմաց:

Տեղի իրավապահ մարմինների խոսքերով, ոստիկանները պատահաբար չեն սպանվել, այլ հանցագործի համար թիրախ են հանդիսացել: Նման կարծիքի հիմք է տալիս այն հանգամանքը, որ հրաձգության ժամանակ սրճարանում այլ այցելուներ էլ են եղել, սակայն նրանցից ոչ ոք նույնիսկ վնասվածքներ չի ստացել:

Տեղեկատվության համար, թե ով է իրականացրել սպանությունը, 100 հազար դոլար պարգեւավճար է խոստացվել:

Դեպքից հետո բոլոր փողոցները փակվել են, հանցագործին հայտնաբերելու համար ոստիկանական ուղղաթիռ է գործի դրվել, սակայն նրան բռնել չի հաջողվել:

Զոհված ոստիկանների անունները չեն հայտնվում, հայտնի է միայն, որ սպանվածներից երեքը տղամարդիկ են, մեկը` կին:

Associated Press-ի տվյալներով, վարկածներից մեկի համաձայն, ոստիկաններին կարող է սպանած լինել նախկինում դատապարտյալ 37-ամյա Մորիս Կլեմոնսը: