Մոսկվայում «Կրասնայա պրեսնյա» կինոկենտրոնում տեղի ունեցավ «Ախթամար» կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան: Ախթամարն առաջինն է «լեգենդներն այսօր» շարքից, որի էկրանավորումը իրականացվում է «Արարատ» լեգենդար կոնյակի եւ ապրանքանիշի կողմից: Կարճամետրաժ կինոնկարը նկարահանել են լոնդոնաբնակ ռեժիսոր եղբայրներ Լյուդվիգ եւ Փոլ Շամասյանները: Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Արմեն Ջիգարխանյանը, եւ ռուսական կինոյի նոր աստղեր Գրիգորի Դոբրիգինն ու Ռավշանա Կուրկովան: Անդրանիկ ցուցադրությանը հրավիրվել էին Մոսկվայի հասարակական, քաղաքական եւ մշակութային հայտնի գործիչներ` մոտ 1500 հանդիսատես: «Արարատ» բրենդի նշանաբանը «հանդիպում լեգենդի հետ» է, եւ մենք հայկական լեգենդներն էկրանավորելով փորձում ենք մարդկանց ծանոթացնել հայկական լեգնեդների հետ",- լրագրողների հետ հարցազրույցում նշեց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը` ավելացնելով, որ «Ախթամար» լեգենդի նկարահանումով նպատակ չեն ունեցել գովազդել նույնանուն հայտնի կոնյակը:
«Սա պարզապես ռեժիսորների ընտրութունն է, Շամասյան եղբայրները ցանկացան էկրանավորել այս լեգենդը: Ընդհանուր առմամբ կնկարահանվի 5 ֆիլմ, 2010 թ.-ին եւ 2011-ին երկուական այսպիսի կինոնկարներ»,- ասաց նա` ավելացնելով, որ ցանկությունը մեկն է, աշխարհը պետք է ճանաչի եւ խոսի Հայաստանի լեգենդների եւ Արարատի մասին: «Ձեզ վստահեցնում եմ, ֆիլմից հետո դուք անպայման կմտածեք դրա մասին, այն իսկապես տպավորիչ է եւ իմաստալից»,- վստահեցրեց նա:
Ֆիլմը սիրահարված մի երիտասարդի (Գրիգորի Դոբրիգին), ծերունի տաքսու վարորդի (Արմեն Ջիգարխանյան) եւ հին լեգենդի մասին էր: Երեք զուգահեռ պատմություններ մեկտեղված են կարճամետրաժ կինոնկարում, որն ի դեպ, կինոքննադատների հավաստմամբ, բովանդակության առումով չի տուժել: «Սա մի գեղեցիկ պատմություն է, սիրո, անձնազոհության մասին, եւ ռոմանտիզմի հայկական հայեցակարգով ներկայացված մի ֆիլմ էր, որը բավականին հետաքրքիր էր»,- ֆիլմի ցուցադրությունից հետո լրագրողներին հայտնեց պռոդյուսեր եւ կինոքննադատ Սեմ Կլեբանովը:
«Լեգենդի եւ արդի կյանքի նեդրկայացման յուրահատուկ փորձ էր, որը սիրո ու անձնազոհության մասին է պատմում, իմ կարծիքով հաջողված գործ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց մշակութային գործիչ Ալեքսանդր Նովիկովը:
Լրագրողների հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Լյուդվիգ Շամասյանը խոստովանեց, որ, երբ Երեւանի կոնյակ գործարանի կողմից հնարավորություն է ընձեռնվել հայկական լեգենդ նկարելու` եղբոր հետ ընտրել են Ախթամարը: «Երբ ես եւ Փոլը երեխաներ էինք մայրս հաճախ մեզ այս լեգենդն էր պատմում, ու երբ հնարավորությունն ստեղծվեց, որոշեցինք, որ Ախթամարը նկարահանենք, նախ այն սիրո մասին է, իսկ ֆիլմում փորձել ենք նաեւ ժամանակակից կյանքը ներկայացնել, եւ ցույց տալ, որ երջանիկ լինելու համար մարդ պետք է պարզապես որոշում կայացնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լ. Շամասյանը:
Կինոպրեմիերային վատառողջության պատճառով ներկա չէր Արմեն Ջիգարխանյանը, սակայն նրա հերոսի կերպարը հերթական անգամ հիացրել էր հանդիսատեսին: Ցուցադրությունից հետո հանդիսատեսը հիացմունքով էր խոսում նրա կերպարանավորած հերոսի եւ ֆիլմի մասին, որը ոմանց կարծիքով ստիպում է մտախոհվել իսկական երջանկության հարցերի մասին:
Մերօրյա «Ախթամարի» դեպքերը տեղի են ունենում Երեւանում: Ֆիլմի երիտասարդ հերոսը Երեւան է այցելում ընկերուհուն տեսնելու, բայց վստահ չէ իր զգացմունքների իսկությանը: Կողմնորոշվելու զգացմունքների հորձանուտում օգնում է ծերունի տաքսու վարորդը: «Հաջողված է ֆիլմը, թե` ոչ, դա թողնում ենք հանդիսատեսի դատին, բայց ֆիլմում աշխատել ենք համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալներ ներգրավենք»,- NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով` ասաց Պեռնո Ռիկար Արմենիա ընկերության ավագ բրենդ մենեջեր Արաքսյա Խաչատրյանն ավելացնելով, որ ֆիլմի երաժշտությունը գրել է Սթիվ Հիլթոնը, իսկ դուդուկի հատվածը կատարել է Ջիվան Գասպարյանը։
Ըստ նրա` նրակահանվող հաջորդ լեգենդը հնարավոր է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ»-ը լինի, իսկ «Ախթամար»-ի երեւանյան պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերին:




























