Հայտնի են դարձել նոյեմբերի 27-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղերթի պայթեցված «Նեվսկի էքսպրեսի» զոհերի անունները: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», արդեն ճանաչվել են 24 զոհվածների դիակները: Նրանցից 10-ը գտնվում էին առաջին վագոնում, 14-ը՝ երկրորդ: Եւս մեկ զոհի ճանաչման համար գենետիկ փորձաքննություն է անհրաժեշտ:
Նախօրեին երեկոյան 14 զոհերի դիակներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Պետերբուրգում, իսկ քիչ ավելի վաղ եւս հինգ դի բերվել է Մոսկվա:
Զոհվածների հրապարակված ցանկում նշված է Պավել Իգորի Դերձակյանի (1982թ. ծնված) անունը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նա ազգության հայ է, Ռուսաստանի քաղաքացի է:
Առայժմ անհայտ են մնում «Նեվսկի էքսպրեսի» չորս ուղեւորների ճակատագիրը, որոնք անհայտ կորած են համարվում: Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում են գտնվում 92 հոգի, որոնցից 21-ի վիճակը գնահատվում է ծանր:
Ներկայումս քննությունը դիտարկում է ահաբեկչության եւ այն իրականացնող անձանց մի քանի վարկած: «Ինտերֆաքսը» հաղորդել է, որ քննությունը դիտարկում է 2007թ. մեկ այլ գնացքում պայթյունի կազմակերպչի մասնակցության հարցը: Առաջ է քաշվել նաեւ ծայրահեղական կազմակերպությունների եւ հյուսիսկովկասյան ահաբեկչական խմբավորումների հնարավոր մասնակցության հարցը: «Վեստիի» տվյալներով, հանցագործի ֆոտոռոբոտն արդեն ուղարկվել է երկրի բոլոր ոստիկանատներ:
Հանցագործության նախապես ծրագրված լինելու մասին է վկայում նաեւ պայթուցիկ սարքի տիպը, օգտագործվել է կոմբինացված պայթուցիչ, որի մեջ պլաստիդ է եղել:




























