Գործարար, «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին առանց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աջակցության: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը նշեց, թե որեւէ խնդիր չի տեսնում, որ Ապարանի թիվ 14 ընտրատարածքում առաջադրվելու է իր ընկերոջ` գործող պատգամավոր Լյովա Խաչատրյանի դեմ: «Որեւէ խնդիր չեմ տեսնում: Հետո էլ դեռ վճռական չի իմ առաջադրվելը: Հնարավոր է` ես չառաջադրվեմ, հնարավոր է` Լյովան չառաջադրվի, մենք ընկերներ ենք»,- նշեց Մարկոսյանը:

Դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ նախորդ ընտրություններում գլխավոր դատախազն աջակցում էր Լյովա Խաչատրյանին, իսկ այժմ` իրեն, Վրեժ Մարկոսյանը հերքեց բոլոր լուրերը` նշելով, որ Աղվան Հովսեփյանն իրեն չի աջակցում: 

Համենայն դեպս, Վրեժ Մարկոսյանը հուսով է, որ առաջիկա ընտրություններում իրեն կաջակցի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: