Շիրակի մարզում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամենամեծ շանսերն ունի Հանրապետական կուսակցությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
«Այս պահին չեմ կարող ասել, թե ինչպիսին են մյուս կուսակցությունների շանսերը, բայց որ առաջինը հանրապետականն է, դրանում վստահ եմ: Հետեւաբար մյուս կուսակցություններն իրենց տեղը կգտնեն»,- նշեց մարզպետը:
Դիտարկմանը, թե Շիրակի մարզում ընտրությունները մշտապես աչքի են ընկել տարբեր միջադեպերով, նա նշեց. «Այո, միանշանակ ամեն ինչ պետք է անեմ, որ միջադեպեր չլինեն եւ ընտրություններն անցնեն ազատ եւ թափանցիկ: Իհարկե դրա համար կան համապատասխան ուժեր, որոնք պետք է պահպանեն հասարակական կարգը:
Աշոտ Գիզիրյանի խոսքով, նախընտրական շտաբը Շիրակի մարզում գլխավորելու է ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավարը` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, քանի որ Գիզիրյանն ինքն անկուսակցական է:
Շիրակի մարզպետը նաեւ հերքեց իր եւ Գյումրիի քաղաքապետի միջեւ հակասությունների լուրը: «Ոչ մի խնդիր չկա, այդ ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Մենք կիսելու ոչինչ չունենք: Ինքը կատարում է իր աշխատանքը, ես` իմ աշխատանքը: Երբեւէ ես ոչ մեկին թույլ չեմ տվել խառնվել իմ գործերին»,- նշեց Գիզիրյանը:




























